Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Հարկավոր է...

ՄԱՐԻԱՄ.- Է՛լի։

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Ուրիշ ժամանակ կասեմ, ուրիշ ժամանակ... Բայց ի՞նչ գեղեցիկ պենսնե ես գնել։

ՄԱՐԻԱՄ.— Լա՞վն է... սա՞զում է։

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Կատարելապես... կարծես եվրոպական համալսարաններում ավարտած դիպլոմատ լինես։

ՄԱՐԻԱՄ.— Մի՞թե... Ա՜խ, ի՛նչ լավ է... (Մոտենում է հայելուն և նայում է): Եվ այդպես էլ կկարծեն, չէ՞, տեսնողները:

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Անկասկած։

ՄԱՐԻԱՄ.— Բայց... այս ի՞նչ է մազերս... Դիպլոմատ կանանց մազերը կարճ են լինում, իսկ ի՞մն...

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Քոնն ի՞նչ է որ։

ՄԱՐԻԱՄ.— Երկար է... ինչ. պենսնես ո՛վ որ նայի, կասի՝ թե սա դիպլոմատ կին է, մազերն ինչո՞ւ է երկար, թե որ դիպլոմատ կին չէ, պենսնե ինչո՞ւ է դրել... Ոչ, չեմ ուզում, մազերս պետք է կտրեմ... ամոթից ես այսպես դուրս գնալ չեմ կարող... Հը՞, չէ՞, Գրիգոր... մազերս պետք է կտրեմ, չէ՛...

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Սս՜ս, Մարիա... ամուսինդ... այստեղ, ախր, այդպես չի կարելի անել...

ՄԱՐԻԱՄ.— Միևնույն է ինձ համար... (հանկարծ փաթաթվում է նրա վզովը, շտապով համբուրում է և թողնում է նրան, նստում յուր առաջվա տեղը):

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Մա՜րիա... գոնե այժմ այդպես մի անիր է...

ՄԱՐԻԱՄ.— Միևնույն է ինձ համար, հասկանո՞ւմ ես դու ինձ... Ես նրանից չեմ վախենում, երբ որ քեզ սիրում եմ...

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Մա՛րիա, Մա՛րիա...

ՄԱՐԻԱՄ.— Ուզո՞ւմ ես, իսկույն ևեթ թողնեմ նրան, այս տունը, և գամ քեզ հետ... մանավանդ, որ օր օրի վրա ինձ անտանելի է թվում այս խավար մթնոլորտը... ինձ շրջապատող տգետ, վայրենի հասարակությունը և առավելապես այս իմ խավարամիտ, բռնակալ ամուսինը...

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Մա՛րիա, ես գնում եմ...

ՄԱՐԻԱՄ.— Ո՞ւր: