Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏԵՍԻԼ ԺԷ.
Մարուշյան, Թաթուլյան, Մարիամ, Ազատյան

ԹԱԹՈՒԼ[ՅԱՆ].— Խնդրում եմ ծանոթացեք։ (Ազատյանին): Մարուշյան, բարեկամիս որդին է. համալսարանն այս տարի է ավարտել։ (Մարուշյանին): Ազատյան։

ԱԶԱՏ[ՅԱՆ].— (Սեղմելով նրա ձեռքը):— Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ... բայց կարելի՞ է իմանալ ո՞րտեղ եք ավարտել։

ՄԱՐՈՒՇ[ՅԱՆ] (Մարիամին բարևելուց հետո).— Ես ավարտել եմ Գերմանիա։

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Ես ևս այնտեղ եմ ավարտել. բայց այդ օրից անցել է ամբողջ յոթն տարի, և այդ յոթն տարվա ընթացքում , իհարկե, շատ ջուր կլինի անցած, ինչպես ռուսն է ասում։ Բայց այստեղ ի՞նչ եք մտադիր անելու։

ՄԱՐՈՒՇ[ՅԱՆ].— Մտադիր եմ ուսուցչությամբ պարապել։

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Տեղ ունե՞ք արդեն։

ՄԱՐՈՒՇ[ՅԱՆ].— Ոչ. դեռ նոր եմ որոնում։

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Երբ որ այդպես է, ես ձեզ կարող եմ ընդունել տալ մեր ուսումնարանում։ Դուք գի՞տեք, որ ես հոգաբարձու եմ...

ՄԱՐՈՒՇ[ՅԱՆ].— Այո, լսել եմ։

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Հա՛, այդպես, այս քանի օրերս մեր ուսուցիչներից մեկը թողեց պաշտոնը հիվանդության պատճառով և նրա տեղ ես անպատճառ ձեզ ընդունել կտամ, չնայելով, որ մի քանի խնդիրներ արդեն տված են ուրիշները... Ներեցեք, խնդրեմ, ես այժմ շտապում եմ, չեմ կարող երկար խոսել... Եթե վաղը կբարեհաճեիք գալ ինձ մոտ, իմ տուն, մենք այնտեղ երկար կխոսեինք թե ձեր պարապելիք առարկաների և թե պայմանների մասին։

ՄԱՐՈՒՇ[ՅԱՆ].— Ինչո՞ւ չէ, ես վաղը ուրախությամբ կգայի ձեզ մոտ... բայց ներեցեք, չգիտեմ դուք ո՞րտեղ եք բնակում։

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Հասցեն... ահա ձեզ իմ այցետոմսը...