Բեմը ներկայացնում է գրադարան Ազատյանի տանը: Երեք դուռ։
Ազատյան, Եղիսաբեթ
([Ազատյանը] խալաթով նստած է գրասեղանի առաջ, աջ կողմը և գրում է: Աջ դռանն երևում է Եղիսաբեթը):
ԵՂԻՍ[ԱԲԵԹ].— Գրիգորի՛ս, թեյը բերե՞մ։
ԱԶԱՏ[ՅԱՆ].— Բեր։ (Եղիսաբեթը դուրս է գնում և վերադառնում է՝ ձեռքին թեյի բաժակ և բուլկի, որոնց դնում է Ազատյանի գրասեղանի վրա):
ԱԶԱՏ[ՅԱՆ] (Շարունակում է գրել: Երկար լռություն: Հետո գրիչը վայր է դնում և նայելով).— Ինչո՞ւ դու թեյ չես խմում։
ԵՂԻՍ[ԱԲԵԹ].— Չեմ ուզում։
ԱԶԱՏ[ՅԱՆ].— Կամ արդեն խմե՞լ ես։
ԵՂԻՍ[ԱԲԵԹ].— Ոչ։
ԱԶԱՏ[ՅԱՆ] (Վերցնելով յուր թեյի բաժակը և խմելով).— Դե՛հ, էլ ի՞նչ ես պարապ նստել. գործ չունի՞ս։
ԵՂԻՍ[ԱԲԵԹ].— Ոչինչ գործ չունիմ։
ԱԶԱՏ[ՅԱՆ].— Գիրք վերցրու կարդա։
ԵՂԻՍ[ԱԲԵԹ].— Չեմ ուզում։
ԱԶԱՏ[ՅԱՆ].— Այսօրվա առաջնորդողս կարդացի՞ր- քաղաքական ամուսնության վերաբերությամբ։
ԵՂԻՍ[ԱԲԵԹ].— Այո։