Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/625

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Եվ, իհրսրկե, համակրում ես։

ԵՂԻՍ[ԱԲԵԹ].— Ամենևին ոչ։

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Այդ ի՞նչպես։

ԵՂԻՍ[ԱԲԵԹ].— Ես հակառակ եմ դրան։

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Քաղաքական ամուսնությա՞նը, դո՞ւ...

ԵՂԻՍ[ԱԲԵԹ].— Այո, հենց ես, հենց ես։

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Իհարկե, դու կատակ ես անում։

ԵՂԻՍ[ԱԲԵԹ].— Ընդհակառակը՝ ես շատ լուրջ կերպով եմ խոսում, իսկ կատակը և այն շատ անմիտ և վտանգավոր կատակը դու ես անում, որ մեր, հայերի մեջ քաղաքական ամուսնության նման բաներ ես քարոզում...

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Ե՛ղիսաբեթ, աստված է վկա, դու կատակ ես անում։

ԵՂԻՍ[ԱԲԵԹ].— Ի՞նչ միտք ունի, ասա խնդրեմ, ներկա պայմանների մեջ, ներկա առանց այն էլ ապականված բարք ու վարքի մեջ, ներկա տգիտության մեջ քաղաքական ամուսնություն քարոզել... դու կարծում ես, թե մենք ապրում ենք մի որևիցե Ֆրանսիայում կամ Շվեյցարիայում և ոչ թե Ասիայում, որտեղ կինը տակավին չի կարողանում համարձակ նայել տղամարդի երեսին... Ազգայնության համարյա թե ամեն բան կորցնելով, մեզ մնացել է միայն եկեղեցին և նրա օրենքները, որոնց ամենայն ջերմեռանդությամբ հպատակում է հայը և որոնցով միայն ևեթ պահպանում է յուր ազգայնությունը, և դու այդ է՞լ ես ուզում ջնջել։

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Շատ ժամանա՞կ է, ինչ դու ազգային եկեղեցու պաշտպան ես կանգնել։

ԵՂԻՍ[ԱԲԵԹ].— Այն ժամանակվանից երբ հասկացա, թե որպիսի աններելի մոլորության մեջ եմ ընկել քեզ հետևելով... Անմեղ, միամիտ աղջիկ էի. տակավին չէի բացել աչքերս, չէի տեսնում, չէի հասկանում, թե ի՞նչ կա շուրջս, ո՞վքեր են շրջապատում ինձ, երբ դու հայտնվեցար իմ առաջ, քո վտանգավոր, ճարպիկ լեզվով հանեցիր խելքս, գրավեցիր սիրտս և ես, մոռանալով ծնողներիս, նրանց իշխանությունը, ընկնելով նրանց անեծքի, նզովքի տակ և ոտի տակ տալով այն ամենը, ինչ որ ինձ համար սուրբ էր և նվիրական, կույր երեխայի նման հետևեցի քեզ, կարծելով, թե դու ինձ տանում ես մի որևիցե ավետյաց աշխարհ, բայց