այժմ... երբ արդեն աչքերս բացվել են և ես ամեն բանի վրա կարողանում եմ մատների միջից նայել,— ի՞նչ եմ տեսնում այստեղ, շուրջս.— ապականված բարք, զեղխ կյանք, առանց մի չնչին պատկառանքի, առանց մի չնչին ամոթի... ստություն, կեղծիք, ցածություն, ամենայն սրբության ոտնակոխություն,— և այդ բոլորը լուսավորության, լուսավոր գաղափարների անունո՜վ...
ԱԶԱՏ[ՅԱՆ].— Եղիսաբե՜թ, ի՞նչ է պատահել քեզ այսօր, այդ ի՞նչ ազատ խոսքեր ես թողնում բերնիցդ...
ԵՂԻՍ[ԱԲԵԹ].— Ես ճշմարիտն եմ ասում և— չեմ վախենում, որովհետև հիասթափությունս այնքա՜ն մեծ է և այնպես ազդել է սրտիս վրա, որ այլևս լռել անհնարին է ինձ համար... Ա՜խ, եթե առաջ ես այս աչքերով լինեի նայելիս, եթե առաջ ես այս ուղեղով լինեի դատելիս, այն ժամանակ ես կընկնեի առաջին պատահած մշակի գիրկը, բայց երբեք ոտք չէի դնիլ այս շրջանը, որտեղ ամեն սրբություն ոտնակոխ է արած առաջադիմության կեղծ դիմակի տակ... խոստովանիր, որ քեզ համար ոչ մի սրբություն գոյություն չունի, խոստովանիր, որ քեզ համար կրոն և եկեղեցի հիմար բաներ են, խոստովանի՛ր, որ քեզ համար միևնույն է՝ ունես օրինավոր կին, թե ոչ, խոստովանիր, որ... ինչո՞ւ համար դու քարոզում ես քաղաքական ամուսնություն... ի՞նչ գործ ունի քեզ հետ Թաթուլյանի կինը... ի՞նչ գործ ունես դու օրիորդ Մանասյանի հետ... իսկ այն լիրբ Աննա Սիսակյանն ո՞վ է, որ ամենայն օր դուրս ու տուն է անում այստեղ... Ինչո՞ւ...
ԱԶԱՏ[ՅԱՆ] (Սաստիկ բարկացած ձեռքով խփում է սեղանին և տեղից վերկենալով).— Եթե դու դարձյալ մի ձայն ես հանել, չգիտեմ ի՛նչ կանեմ... (Եղիսաբեթը հանկարծ լռում է և կարծես նոր ուշքի գալով, գլուխը խոնարհությամբ կախում է): Այս ի՞նչ է, այս ի՞նչ սկանդալ է... Երա՞զ ես տեսել, ի՞նչ է... Քո մինչև այժմ ցույց տված խոնարհությունդ, հեզությունդ ասեմ, թե այդ սանձարձակ լեզուդ... Այդ էլ նո՞ր ես սովորել, ի՛նչ է... Ես զարմանում եմ, ճշմարիտ... սաստիկ զարմանում եմ... ականջներիս չեմ ուզում հավատալ... տիկին Թաթուլյան, օրիորդ Մանասյան, Աննա Սիսակյան ասելով ի՞նչ ես ուզում դու ինձ հասկացնել։ Որ իբր ես դրանց հետ ներքին հարաբերությո՞ւն ունեմ...