Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս հատվածներով վերականգնվածը լոկ մի վեպի ստեղծման պատմություն չէ, այլ արվեստագետի տառապալից կյանքի ու աշխատանքի, բարքերի ու ժամանակների, ստեղծագործության ու բռնակալության պատմություն։ Գրողը ձգտում էր կատարելության, անընդհատ մշակելով վեպը (արտագրել է 8—9 անգամ, հաճախ արմատական փոփոխություններ, լրացումներ ու կրճատումներ անելով), հանգամանքները խանգարում էին։ Սուղ տողերի մեջ ամփոփված ողջ ընթացքն ինքնին հետաքրքիր ու ցնցող է, հարուստ նյութ է տալիս բանասիրական, տեսական-պատմական հետախուզության համար, առավել ևս, որ վերաբերում է հայ դասական նոր գրականության նշանակալի երևույթներից մեկին։ Ինչո՞ւ «Մեծ գործի շուրջը» դարձավ «Մեծ գործի սկզբում» և ապա բացարձակապես մի այլ բան՝ «Մահը»։ Ինչպես նշում է հեղինակը վեպը պետք է նվիրվեր Գում-Գափուի ցույցից հետո՝ «...ռուսահայոցս մեջ երևան եկած հայրենասիրական շարժմանը, երբ սակավաթիվ անկեղծ հայրենասերների հետ զուգընթաց սունկի նման բսեցին հասարակական նվիրական կույր զգացումները շահագործող անթիվ ստորաքարշ, մութ անձնավորություններ՝ իրենց դատարկ գրպանները լցնելու, բայց իսկապես մեծ գործ կործանելու։ Չգիտեմ որքան կաջողվի ինձ այս վեպը, բայց ես ստիպված եմ շատ բան քողարկել, որպեսզի խեղճ գրվածքս ազատ մնա այն անխնա ավերումից, որ գործում է աստվածապահ Ռուսիայի կարմիր թանաքը»։ Գրողը շատ էր բողոքում ճշմարիտ ստեղծագործության, ազատ խոսքի առաջ մեծամեծ արգելքներ հարուցող բռնությունից, «...չգիտե՞ս, որ այս ողորմելի պետության մեջ ամեն քայլափոխիդ մտքի, ազատ խոսքի դահիճը կանգնած է գլխիդ»։

Վեպը «Մեծ գործի սկզբում» վերնագրով առաջին անգամ տպագրվել է «Նոր-դարում», 1894—95-ին։ Առանձին գրքով, «Մահը» վերնագրով այն հրատարակվեց 1912-ին Թիֆլիսում։ Վեպում մեծ գործի մասին միայն ակնարկներ կան։ Կարելի է ուղղակիորեն ենթադրել, թե գրողն այդպես է վարվել, զգուշանալով ազգային-ազատագրական շարժումները խեղդող ցարական պաշտոնական քաղաքականությունը գրականության հանդեպ կիրառող ցենզուրայի բռնությունից։ Բայց մինչ այդ հայ ժողովրդի ազատագրական պայքարին նվիրված գեղարվեստական շատ երկեր են ստեղծվել նույն քաղաքականության պայմաններում։ Ուստի ցենզուրան, որի կամայականություններից տարբեր նամակներում այնքան գանգատվում է Նար-Դոսը, չէր կարող վճռորոշ արգելք լինել։ Իհարկե, ցարական իշխանությունները անտարբերությամբ չէին անցնի «Կոլոկոլի», հեղափոխական-դեմոկրատների, նարոդնիկների հետ գաղափարական որոշ առնչություններ ունեցող, իրեն սոցիալ-դեմոկրատական համարող հնչակյան կուսակցության գործերի կողքով։ Բայց ազատագրության մեծ գործը պատկերել փորձող գրողը կարող էր դիմել տվյալ իրավիճակում համեմատաբար ընդունելի նյութի՝ համեմատաբար ընդունելի գեղարվեստական ձևի մեջ, ինչպես հաճախ արվել էր արդեն։ Արևմտահայաստանում ծավալվող սրբազան գործի մասին Նար-Դոսի պատկերացումները սպառվում էին գրավոր և բանավոր լուրերով, իսկ դա շատ հեռու էր ճշմարտացի վեպի համար բավարար հիմք լինելուց, բնական