Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, որ հայ ժողովրդի ազատագրությանն իրենց կյանքը նվիրաբերած ռեալ հերոսների կերպարների փոխարեն վեպում հոլովվում է Արմենակ Մարությանի անունը։ Նրա մասին խոսում են, որին հիշում են, փորձում են նմանվել, որով հիանում են և որին ընթերցողը չի տեսնում։ Նա լիարյուն կերպար չէ, այլ մաքուր գաղափար, լուսավոր անուն։ Վեպը ստացավ «Մահը» վերնագիրը: «Մեծ գործից» մնաց գրեթե մերկ իդեան: Այդ իդեան ներկա է, արձագանքվում է վիպական դեպքերում, ծրագրային բնույթ տալով երկին, գրականության, եթե կարելի է ասել՝ օրինաչափ պատմության համար անսովոր, բաց իդեայի և կյանքի հանգամանքների ճշմարտացի պատկերման համաձուլում։ Ըստ էության վեպի գրեթե բոլոր կերպարները կամ կյանքից եկող իդեայի ծնունդ են, կամ ամուր շաղկապված են իդեային։ Ահա հետաքրքիր մի փաստ. «... իմ ընկերներից մեկին,— գրում է Նար-Դոսը 1892-ի հունիսի 20-ի նամակում,— որին ես ճանաչել եմ իբրև ազնիվ և եռանդուն գործիչ, զոհ գնաց մատնության և քշվեց դեպի Ռուսիա։ Այս րոպեիս նա քաղցած և անտուն ընկած է աքսորատեղում — և նրանք, որոնք իբր նվիրում են իրենց կյանքը միևնույն «գործին» և այստեղ ու ամեն տեղ հանգիստ նստած մի մի շիկահեր կին կողքներին պահելով փառավորապես խժռում են ազգային փողերը,— մի կոպեկ չեն ղմշում նրան ուղարկելու, որ նա քաղցից չմեռնի»։ Այստեղ իսկ վեպի երեք կերպարների ուրվագիծ-նախատիպերը կան։ Վեպի երկրորդ մասն ավարտվում է լրագրի միևնույն համարում տպագրված երկու ցնցող լուրով. Արմենակ Մարությանի չարաչար մահը թրքական ահարկու բանտում (ազնիվ գործիչը) և Բազենյանի մերկացումը (ազգային փողերը խժռողը): Երրորդ մասն անմիջապես սկսվում է խաբված ու լքված պանի Զդանևիչի (շիկահեր կինը) անակնկալ այցելությամբ՝ Շահյանին:

Գում-Գափուի դեպքերը համարելով ազատագրության մեծ գործի մի նոր սկիզբը, Նար-Դոսը «Մահը» վեպում բարձրացնում էր թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական կարևոր խնդիրներ։ Արևմտահայության ողբերգական ճակատագիրը ծանր ու հերոսական պայքարի էր կոչում, և շատերի հետ Նար-Դոսն էլ դա էր համարում հիմնական ուղին, իսկ արևելահայության վիճակը կանոնավորելու համար առաջարկում էր այլ՝ գլխավորապես բարեփոխիչ միջոցներ, ընդհուպ մինչև լուսավորության տարածումը։ Բնական է, որ ո՛չ բարեփոխումները արմատական արդյունքներ տվեցին Արևելահայաստանում, և ո՛չ էլ առանձին հերոսների անձնազոհ պայքարը փրկեց Արևմտահայաստանը։ Ու գուցե ինքը գրողն էլ զգում էր դա, երբ վեպում նշում էր. «Մեռած հայության հույսերը կենդանացել էին, թեև ապագան ծածկված էր անթափանցելի քողով...»:

Եթե Նար-Դոսը գրած չլիներ «Մահը» վեպը, որի նշանավոր պեսիմիստ կերպարը ինքնասպանությամբ ավարտում է իր փուչ կյանքը 27 տարեկան հասակում, հավանորեն նշանակություն չէինք տա մի խոստովանության. «Ծնվել եմ 1867 թվին և այժմ 25 տարեկան եմ. եթե այս տարի խոլերայից չմեռա, կմեռնեմ անպատճառ մինչև 30 տարեկան հասակս»։ Նամակը գրված է 1892-ի հուլիսի 16-ին, իսկ մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 20-ին