Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշխենը հետաքրքրությամբ նայեց Շահյանի ակնոցին։

Իսկ Շահյանը թե վախեցավ և թե շփոթվեց։

— Նկատեցեք, պարոն Շահյան, մենք այժմ արդեն կատակով չպետք է խոսենք,— զգուշացրեց Եվան խոսակցության թեթև տոնը լրջության փոխելով,— որովհետև դուք շատ լուրջ բան ասացիք։

Շահյանի երկյուղն ավելացավ. նա զգաց, որ թակարդն է ընկնելու և, այդ բանից խույս տալու համար, ուզեց կատակի ձև տալ իր ասածին։ Բայց Եվան պինդ բռնեց նրան։

— Ես չեմ թույլ տալ, որ դուք ետ կանգնեք ձեր ասած խոսքից, պարոն Շահյան, որովհետև ես չափից դուրս սիրում եմ կյանքը, իսկ դուք ասացիք, որ ձանձրանում եք կյանքից և, որքան նկատեցի, կատակով չասացիք այդ։ Ինձ համար շատ հետաքրքրական է իմանալ, թե ինչպե՞ս կարելի է ձանձրանալ մի բանից, որը միայն մի՛ անգամ է տրվում մարդուս։ Կյանքը... Չէ՞ որ այդ ես եմ, այդ դուք եք, այդ այս գիրքն է, այս թանաքամանը, այս լուսանկարը,— իմ եղբա՜յրը,— ամբողջ տիեզերքը, այն բոլորը, ինչ որ տեսնում, շոշափում և զգում եմ... Ինչպե՞ս կարելի է ձանձրանալ այս բոլորից... Խնդրում եմ, բացատրեցեք։

Շահյանը կատարելապես վախեցավ։

— Հավատացնում եմ, օրիորդ, ես իսկապես կատակ արի,— այս անգամ ուղղակի ուզեց խույս տալ նա։

— Ո՛չ, ո՛չ։ Խնդրում եմ բացատրեցեք։ Դուք կատակ չարիք, ո՛չ։ Գուցե ես չեմ ճանաչում կյանքը, գուցե սխալ է կյանքի մասին իմ ունեցած հասկացողությունը։ Դուք չգիտեք, թե որքան հարցասեր եմ և որքան ուզում եմ միշտ նոր բան իմանալ, նոր բան սովորել։ Դուք տղամարդ եք և անշուշտ անհամեմատ ավելի փորձված եք, ավելի լավ եք ճանաչում կյանքը, քան թե ես։ Խնդրում եմ։ Ինչո՞ւ է կյանքը ձեզ ձանձրալի թվում։

Ճար չկա։ Շահյանը սիրտ տվեց իրեն և վճռեց ասել այն բոլորը, ինչ որ իր տաղտկալի կյանքի մեջ, իր սիրած հոռետես փիլիսոփաների գրվածքների ընթերցման ազդեցության տակ, մշտական խորհրդածության նյութ էր դարձել իր պարապ ուղեղի համար։ Մտքերն արդեն պատրաստ էին, թեև