Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչպե՞ս թե ինչ կա։ Նախ ասացեք, խնդրեմ, մնայուն ասելով ի՞նչ եք հասկանում։

— Մնայո՞ւն... Ա՛յն, որ... մնում է, չի մեռնում։

— Շատ լավ։ Եվ դուք մնացող, չմեռնող ոչի՞նչ չեք գտնում աշխարհիս երեսին։

— Ոչինչ։

— Ի՞նչ եք ասում, պարոն Շահյան, հապա լավ գործը, լավ անունը, լավ հիշատակը — մի՞թե դրանք չեն մնում, մի՞թե դրանք մեռնում են։ Մի՞թե մեռած են, օրինակ, այս թանաքի, այս գրչի, այս գրերի հնարողները, որոնց շնորհիվ ես կարողանում եմ իմանալ ոչ թե միայն այն, թե ինչ է կատարվել ինձնից դարեր առաջ, այլև կարող եմ հաղորդել ինձնից դարեր հետո գալիք սերնդին, թե ինչ է կատարվում այժմ։ Մի՞թե մեռած է այս լուսանկարչության հնարողը, որի շնորհիվ ես ամեն րոպե, ամեն վայրկյան, երբ կամենամ կարող եմ տեսնել իմ սիրասուն եղբոր պատկերը այնպես, որ կարծես թե նա կանգնած լինի առաջս։ Ո՞ր մեկն ասեմ, կարելի՞ է միթե մի առ մի թվել: Եթե մենք լավ նայենք մեր շուրջը, լավ քննենք մեզ շրջապատող առարկաները, հենց թեկուզ այս չնչին լուցկին, որի շնորհիվ մենք միշտ կարող ենք կրակ և լույս ունենալ,— մենք կտեսնենք, որ այս բոլոր առարկաներից ամեն մեկը կապված է մի լավ գործի, մի լավ անվան, մի լավ հիշատակի հետ, որը մեռած չէ և երբեք էլ չի մեռնիլ, քանի մարդկությունը գոյություն կունենա։ Ես այդպես եմ կարծում։ Իսկ դուք, պարոն Շահյան, խնդրում եմ, դո՞ւք ինչ եք կարծում։ Մի՞թե լավ գործը, անունը, լավ հիշատակը, հիրավի, չեն մնում, մեռնում են։

Շահյանը դարձյալ ուղղեց իր ակնոցը։

— Լավ գործը, լավ անունը, լավ հիշատակը... Իհարկե, դրանք, կարելի է ասել... մնում են, չեն մեռնում, բայց միշտ չէ․․․ մի որոշ ժամանակ... բայց... պետք է ասել, որ... էլի մեռնում են։

Եվան դարձյալ սպասեց, որ նա կշարունակի, բայց տեսնելով, որ էլ ոչինչ չի ասում, դարձյալ ինքը խոսեց։

— Շատ լավ։ Ուրեմն դուք ուզում եք, որ ամեն բան հավիտյա՞ն մնա, երբե՞ք չմեռնի։

— Այո։