Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշխենն իսկույն չսկսեց իր ասելիքը։ Նա խոնարհվեց գրասեղանի վրա և մատներով սկսեց խաղալ առջևը դրած գրքի թերթերի հետ։

Շահյանն սպասում էր։ Այդ օտարոտի հանգիստ աղջկա խոսելու հանդիսավոր եղանակն ուղղակի սարսափեցնում էր նրա վախկոտ միտքը։

Եվան կանգնել էր հեռու և մեծ հետաքրքրությամբ սպասում էր նույնպես, թե ինչ է ասելու հորեղբոր աղջիկը։

— Ասացեք խնդրեմ,— վերջապես սկսեց Աշխենը և կանգ առավ։— Ներողություն,— միջանկյալ ասաց նա,— որ ես ուզում եմ դառնալ ձեր շոշափած հարցին, հենց թեկուզ միայն նրա համար, որ մի որոշ եզրակացության բերենք Եվային։— Նա բարձրացրեց գլուխը, նայեց Եվային, ժպտաց և, նորից հանգիստ կերպարանք ընդունելով, շարունակեց խաղալ գրքի թերթերի հետ։— Ասացեք խնդրեմ, պարոն Շահյան, ընդհանուր բացարձակ ունայնության գիտակցության տակ — ինչպես դուք ասացիք — չճնշվելու դեմ մի՞թե դուք միջոց չգիտեք։

— Միջո՞ց:

— Այո։

— Ո՞րն է այդ միջոցը։

— Այդ միջո՞ցը։ Ես կարծում եմ ա՛յն պիտի լինի, որ կոչվում է ձգտում։

— Ձգտո՞ւմ:

— Այո՛, ձգտում։

— Ի՞նչ ձգտում։ Ձգտումներ շատ կան։

— Այդ միևնույն է։ Հենց թեկուզ, օրինակի համար, այնպիսի մի ձգտում, որի իրագործումը կարող էր երջանկություն բերել ոչ թե լոկ ձեզ, այլև ուրիշի համար, որքան կարելի է՝ շատերի, օրինակ՝ այն հասարակության կամ ազգի համար, որին պատկանում եք դուք... Մի՞թե դուք այդպիսի ձգտում չունիք։

Շահյանի ձեռքերը դարձյալ բարձրացան դեպի ակնոցը։

— Մի՞թե այդպիսի ձգտումը կամ առհասարակ որևէ ձգտում կարող է դեղ լինել ունայնության դեմ... այսինքն ուզում էի ասել — ունայնության գիտակցության ճնշման դեմ,— ասաց նա և ինքն էլ չհասկացավ, թե ինչու ժպտաց։

Աշխենը նայեց նրան։