Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես կարծում եմ, որ կարող է,— պատասխանեց նա և նույնպես ժպտաց. բայց նա հասկացավ, թե ինչու ժպտաց:

Շահյանն էլ հասկացավ նրա ժպիտի իմաստը և զգաց, որ տաք արյունը հանկարծ սկսեց այրել իր դեմքը։ Այնուամենայնիվ հարցրեց այս անգամ մեքենայաբար.

— Ինչպե՞ս։

Աշխենը գիրքը ետ քաշեց առաջից։

— Շատ հասարակ կերպով։ Ձգտումներ ունեցող մարդը ժամանակ չի ունենում ունայն բաների մասին մտածելու, հետևաբար նրա մեջ ունայնության գիտակցության ճնշում էլ չի լինում։ Եթե չեմ սխալվում, այդպես է։

Եվ Աշխենը նորից ժպտաց։ Որքան մեղմ, նուրբ էր նրա ժպիտը, այնքան ավելի սպանիչ էր Շահյանի համար։

Շահյանը, մահվան ցնցումների մեջ եղած մարդու նման, հավաքեց իրեն և վերջին ճիգը թափեց, որ պահպանի իրեն կատարյալ անկումից։

— Բայց... ունայնության մեջ... ի՞նչ ձգտում... և ինչի՞ է պետք այդ,— թոթովեց նա։

Աշխենն այլևս չէր դադարում ժպտալուց։ Նա կարծես երեխայի հետ էր խոսում։

— Իսկ ես ձեզ կասեմ, պարոն Շահյան, թե ձգտումների մեջ ի՞նչ ունայնություն և ինչի՞ է պետք այդ մասին մտածելը...

Ամեն ինչ կատարյալ էր։ Վարագույրի վերջին ծալքն էլ բացվեց, և Շահյանը նվաստացած տեսնում էր, որ ուրիշի աչքերից այնքան խնամքով ծածկած իր ներքին ոչնչությունը դրված է բեմի վրա այդ երկու օրիորդների առաջ, որոնցից մեկը նայում է և ժպտում, մյուսը նայում և ապշում։

Նա այլևս ապարդյուն համարեց այդ նյութի մասին խոսելը կամ, ավելի ճիշտն ասած, նրան այլևս չխոսեցրին այդ մասին։ Զգաց, որ իրեն հասկանում են և խղճում։

Աղախինը ներս բերեց թեյը։ Շահյանը մեքենայաբար վերցրեց իր բաժակը, թեև մի ումպ խմելու էլ ախորժակ չէր զգում։

Աշխենը վարպետությամբ փոխեց խոսակցության նյութը և, զարմանալի է, այս անգամ խոսողը գրեթե նա էր միայն։ Մեղմ ժպիտն ամենևին չէր հեռանում նրա խաղաղ