Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմքից. նա կարծես նստած էր երեխաների մեջ և մանկական զվարթ հեքիաթ էր պատմում նրանց զբաղեցնելու համար։ Բայց այդ հեքիաթի զվարթությունը գուցե ինքն էր միայն, որ զգում էր։

Եվան նորից նստել էր նրա մոտ և այլևս ոչ մի աշխույժ չէր ցույց տալիս։ Նրա այնքան շարժուն դեմքը սառել, բայց ավելի շնորհալի գեղեցկություն էր ստացել։ Նա գրեթե չէր խոսում այլևս, այլ միայն խոշոր, լուրջ աչքերով նայում էր Շահյանի ակնոցին համառորեն, կարծես մտածում էր զարմանքով, թե ինչո՞ւ է այդ ակնոցը դրված նրա աչքերին։

Շահյանն իր ուղտի տաժանելի համբերությամբ հաշվում էր րոպեները և սպասում էր, թե ե՞րբ պիտի հասնի այն հարմար րոպեն, երբ ինքը կարող կլինի վեր կենալ և հեռանալ այդ անտանելի պատժարանից։

Եվ հասավ, վերջապես, այդ րոպեն, և փախավ նա։

Դա տղամարդու բարոյական ոչնչության մի փախուստ էր կնոջ, հետևաբար ավելի զորեղ, բարոյական ուժի հալածանքից։

10

Մի կատարյալ դժոխք էր, որ այդ երեկո Շահյանը տարավ իր մեջ Եվայի և Աշխենի մոտից։ Այդ չարաբաստիկ երեկոն դրոշմվել էր նրա ուղեղի մեջ իբրև մի անտանելի ծանր հիշատակ, որ շուտ չի մոռացվում։ Նրա ինքնասիրությունը չափից դուրս նեղ էր և զգայուն. նա չափից դուրս ներքին, փակ կյանքով էր ապրում, որպեսզի այդ երեկոյի հիշատակը երկար ժամանակ սպանիչ ազդեցություն չունենար նրա վրա։ Ամեն րոպե, ամեն վայրկյան զգում էր, թե դեռևս նստած է Աշխենի սենյակում, տեսնում է Աշխենին ու Եվային այն դրությամբ, ինչպես որ դրանք ներկայանում էին նրան այդ երեկո — մեկին՝ մեղմ, խորհրդավոր կերպով ժպտալիս, մյուսին՝ հիասթափության ապշությամբ իրեն դիտելիս։ Տեսնում էր և իրեն՝ դասը չիմացող աշակերտի պես ողորմելի դրության մեջ կուչ եկած, լեզուն հազիվ շարժելիս, անդադար կարմրելիս։ Ի՜նչ խայտառակ դրություն...