Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերջ կտա իր ատելի և անտանելի կյանքին, որպեսզի, վերջապես, ազատվի նրանց և աշխարհի ձեռքից։

Շահյանր գլխից իսպառ հանեց Մարությանների հետ իր բարեկամությունը շարունակելու միտքը։ Այդ ընտանիքը, որի մասին հրճվանքով էր մտածում իր նոր ծանոթացած ժամանակ, այժմ միանգամից կորցրեց նրա աչքում իր բոլոր գրավչությունը։ Այժմ ոչ միայն չէր ցանկանում Մարությաններին այցելել, ոչ միայն չէր ձգտում թափառել նրանց տան մոտակա փողոցներում՝ նրանց գեթ հեռվից տեսնելու տենչով լցված, այլև, եթե հնար լիներ, իսպառ կջնջեր այդ ընտանիքն իր հիշողությունից և նորից կդառնար իր նախկին կյանքին, ուր թեև մխիթարական և ցանկալի ոչինչ չկար, բայց և չկար գոնե սեփական ոչնչության գիտակցության և անձնաքննության ծանր ճնշում։

Շահյանի մեջ վառվող ինքնատյացության զգացումը, կամաց-կամաց բթանալով, փոխվեց խոր մելամաղձության։ Այդ այն զարհուրելի մելամաղձությունն էր, որի ժամանակ մարդու հոգին կաշկանդվում է, միտքը թմրում, զգացմունքները բթանում, աշխարհը մութն է թվում, կյանքն՝ անտանելի, մահը՝ ցանկալի։

Շահյանի համար նոր չէր հոգեկան այդ դրությունը. համարյա պատանեկան հասակից նա շատ հաճախ ենթարկվում էր այդ դրության, որը մի տեսակ հոգեկան պարբերական հիվանդություն էր դարձել նրա համար և միշտ երևան էր գալիս այն ժամանակ, երբ կյանքի մի որևէ նոր երևույթ, նոր ծանոթություն առիթ էր տալիս նրան անձնաքննության։ Երբեմն ամբողջ օրեր շարունակ այդ դրության մեջ էր լինում, այնպես որ սարսափում էր, թե միգուցե խելագարվի։ Իսկ նա ոչ մի բանից այնքան չէր սարսափում, որքան խելագարությունից։

Աշխարհից հեռացած ճգնավորի պես Շահյանը փակվեց իր սենյակի չորս պատերի մեջ, փակվեց այնպես, որ, կարծես, մտադիր չէր այլևս դուրս գալ այնտեղից։ Անձնատուր եղած ծանր և ճնշող մտածմունքների, գրեթե ամբողջ օրը նստած էր մնում լուսամուտի առաջ և ապակու միջից մռայլ հայացքով նայում էր դուրս։ Եվ դուրսը ուրախառիթ ոչինչ չէր գտնում։