Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե ամբողջ օրն իր սենյակում նստած՝ ի՞նչ է գրում նա: Մի անգամ հայրն այդ մասին հարցրեց նրան, և Շահյանը սկսեց բացատրել նրան Շոպենհաուերի վարդապետությունը, իհարկե, այնպես, ինչպես ինքն էր հասկացել, թեև շատ բան չէր հասկացել։ Հայրը լսեց նրան, լսեց և գրեթե ոչինչ չհասկացավ։

Մի երեկո, համարյա ամբողջ օրը թարգմանության վրա տանջվելուց հետո, Շահյանը դուրս գնաց փոքր-ինչ թարմանալու։ Նա խիստ գոհ էր իրենից, իր կատարած գործից, ուստի հանգիստ խղճով կարող էր զբոսնել, ինչքան քեֆը տար։ Եղանակը ցուրտ էր և չոր։ Քայլերը դանդաղ շարժելով, մտքումը կրկնում էր թարգմանության իր հավանած այս ու այն պարբերությունը, այս ու այն պարադոքսը, երբ հանկարծ լսեց, որ մեկը կանչում է իրեն։ Նա ետ նայեց և տեսավ, որ մեկը արագ քայլերով մոտենում է իրեն։

Դա մոտ երեսուն տարեկան ցածրահասակ, փոքր-ինչ գեր երիտասարդ էր շատ թուխ դեմքով և նկատելի մեծ քթով. հագուստը նոր էր, բայց խիստ անճաշակ. սև կաստորի գլխարկն էր միայն, որ խունացած և սաստիկ ճխլտված էր, իսկ կրկնակոշիկները վաղուց արդեն կորցրել էին իրենց փայլը և ցեխի գույն էին ստացել։

Շահյանն այն ժամանակ միայն ճանաչեց նրան, երբ նա ժպտալով մոտեցավ։

— Մինասյա՞ն...

— Մեծ մարդ ես դառել, չես լսում,— ասաց Մինասյանը, սեղմելով նրա ձեռքը, և նրա թևից բռնած՝ առաջ անցավ։— Քանի անգամ կանչեցի լուսամուտից, չիմացար։

— Ի՞նչ լուսամուտից, ո՞րտեղից,— զարմացավ Շահյանը։

— Ա՛յ, այնտեղ հյուրանոցումն եմ իջած։

— Ես ի՞նչ գիտեի, թե դու այստեղ ես։

— Այսօր առավոտյան եմ եկել։ Ուզում էի գամ քեզ մոտ — չկարողացա. խիստ խառնված եմ։ Ուսումնարանի գործն էլ գլուխ բերի, վերջապես եկել եմ մի վարժուհի տանեմ:

— Ուսումնարա՞ն ես բաց արել գյուղում։