— Վա՛հ, բաս նոր ես իմանո՞ւմ։ Չորս տարի է աշխատում եմ դրա համար։ Բայց ասա տեսնենք՝ ո՞նց ես. ի՞նչ ես անում, ինչ չես անում։
— Ոչինչ. օրերս սպանում եմ առաջվա պես։
— Այդ լավ է։ Իսկ ինձ օրերն են սպանում։ Եվ ի՜նչ շուտ են թռչում այս անիծված օրերը։ Երևակայիր. հոկտեմբերն արդեն վերջանում է, և ես դեռ նոր պիտի վազվզեմ վարժուհու ետևից։ Ասենք, բան չկա, ուշ լինի ու նուշ լինի։ Չէ՞։ Գիտե՞ս, հոգիս դուրս եկավ, մինչև որ մեր պնդագլուխ գյուղացիներին հասկացրի ուսումնարանի օգուտը և կարողացա մի քանի կոպեկ կորզել մեր հարուստներից։ Այս էլ ասեմ, որ գործին քիչ արգելք չէին լինում բնական պատահարները. անցյալ երկու տարիները մորեխն իրար վրա ահագին վնասներ տվեց մեր կողմերում, իսկ այս տարվա կարկուտը շատ բերք փչացրեց։ Գյուղացու դրությունը, հիրավի, շատ վատ է։ Բայց ե՞րբ է մեր գյուղացու դրությունը լավ եղել։ Եթե գյուղացու տնտեսական դրությանը նայելու լինենք, առմիշտ պիտի թողնենք նրա կրթության մասին մտածելը։
Մինասյանը երկար և տաք-տաք խոսում էր այդ մասին, այն միտքը պաշտպանելով, թե կրթությունն առհասարակ եթե միակ միջոցը չէ գյուղացու տնտեսական դրության բարվոքման համար, գոնե գլխավոր միջոցներից գլխավորագույնն է։
Շահյանն ամենևին գաղափար չուներ ոչ գյուղացու և ոչ նրա տնտեսական կամ այլ դրության մասին և ամենևին չէր էլ հետաքրքրվում այդպիսի խնդիրներով, ուստի Մինասյանին կատարյալ ազատություն էր տվել իր ուզածին չափ խոսելու և դատելու. իսկ ինքը Շոպենհաուերի փիլիսոփայության թարմ տպավորության տակ մտածում էր, թե ինչ նպատակ կար, որ այդ երիտասարդն այդպես եռանդով խոսում և կաշուց դուրս էր գալիս գյուղացու համար։ Ընդունենք, թե այդպիսի Մինասյաններ գյուղերում ուսումնարաններ էլ բաց արին, գյուղացու տնտեսական դրությունն էլ բարելավեցին,— դրանով վերացա՞վ մարդկության թշվառությունը, ա՛յն թշվառությունը, որին դատապարտված է նա ծնվելու օրից և հավիտյանս հավիտենից...