Մինասյանը բաժանվեց Շահյանից, ասելով, որ գնում է իր ծանոթ մի վարժուհու մոտ՝ նրանից իր բաց արած ուսումնարանի համար վարժուհու տեղ հարցնելու։
Շահյանը խնդրեց, որ նա անցնի իր կողմը և մինչև անգամ առաջարկեց, որ հյուրանոցից տեղափոխվի իրենց տուն։
— Այդ մեկը լավ ասացիր,— ասաց Մինասյանն առանց նազ ու տուզ ծախելու։— Փողի քյասատություն է, իսկ անիծված հյուրանոցներում փառավորապես կողոպտում են։ Եթե այս գիշեր ուշանամ, վաղը կգամ քեզ մոտ։ Գործերս որ շուտ վերջացնեմ, մի քանի օրից հետո կգնամ։ Առայժմ ցտեսություն և շնորհակալություն առաջարկությանդ համար:
Մի ընդարձակ բակի մեջ չորս կարգ, քառանկյունի ձևով, շարված էին վարձու տրված երկհարկ բնակարաններ, որոնց լուսամուտների մեծ մասն արդեն լուսավորված էր, երբ Մինասյանը ներս մտավ բակի դռնից։ Նրա քայլերի ձայնի վրա վերին հարկի պատշգամբից մի փոքրիկ շուն հաչեց։ Այդ շան հաչոցին ձայնակցեց մի ուրիշ շուն՝ բակի հայտնի չէ, որ անկյունից։ Մինասյանը մոտեցավ ներքին հարկի սենյակներից մեկի դռան և ծեծեց։
Դուռը բացվեց, և շեմքում երևաց մի պառավ կին կարճահասակ, գեր մարմնով:
— Ո՞վ է,— հարցրեց նա։
— Ես եմ, մայրիկ, չե՞ս ճանաչում:
— Մինասյա՞ն... այդ դո՞ւ ես,— ճանաչեց պառավը, նրա դեմքը լավ տնտղելուց հետո։
— Հենց ես եմ, որ կամ։
Պառավն ուրախացած ներս հրավիրեց նրան։
— Այս ինչպե՞ս եղավ, որ հանկարծ լույս ընկար։ Քանի՞ տարի է, որ չես եկել մեզ մոտ։
— Չեմ հիշում, մայրիկ։ Կարծեմ չորս տարի։ Եվ չեմ եկել, որովհետև այստեղ չեմ եղել, իսկ այժմ եկել եմ, որովհետև այստեղ եմ։ Լավ է, որ դարձյալ այս տանն եք ապրում, թե չէ վախենում էի, որ դուռն անծանոթ մարդ բաց անի։