Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Է՛հ, որդի, այնքան երկար ապրել ենք այս տանը, որ կարծում ենք մեր սեփական տունն է։

— Բարև ձեզ, երեխայք,— կանչեց Մինասյանը, դառնալով տասը-տասնմեկ տարեկան մի տղայի և մի աղջկա, որոնք դաս էին պատրաստում նստած թեյի սեղանի մոտ, որի վրա քլքլթում էր մի փոքրիկ մաքուր սամովար. պլպլալով առաստաղից կախված լամպի պայծառ լույսի տակ։— Պո՜, ինչքան մեծացել եք։ Աչքով չտամ։

Երեխաները, որոնք արդեն ոտի էին կանգնել, ամոթխածությամբ ժպտացին։

Մինասյանը մատով խփեց նրանց կզակին և նորից դարձավ պառավին.

— Ուրի՞շ, մայրիկ. ինչպե՞ս եք, ինչպե՞ս չեք։ Օրիորդը տա՞նն է։

— Տանն է, տանը,— լսեց Մինասյանը մի ուրախ ձայն և, շուռ գալով, հարևան սենյակի դռան շեմքի վրա տեսավ օր. Սահակյանին, որը սաստիկ հարուստ կրծքով, ճաշակով հագնված, առողջ, գեր, ոչ-գեղեցիկ և տարիքն արդեն անցրած մի աղջիկ էր — պառավի աղջիկը։

Մինասյանն արագ մոտեցավ նրան։

Օր. Սահակյանն իր ուժեղ բազկով թափահարեց նրա ձեռքը։

— Ոչ թե չորս, այլ հինգ տարին լրանում է, որ դուք այլևս լայեղ չեք անում մեր հին բարեկամությունը մտաբերելու,— ասաց նա։

— Լայեղ բառը չի սազում գյուղացուն,— նկատեց Մինասյանը։— Ուրիշ բան ասացեք։

— Ես ձեզ բան ունեմ ասելու։ Նախ եկեք այստեղ։ Մայրիկ, թեյ պատրաստիր։

Մինասյանը գլխարկն ու վերարկուն ձգեց աթոռի վրա և օր. Սահակյանի ետևից ներս մտավ հարևան սենյակը։

Այնտեղ կլոր սեղանի մոտ, գահավորակի վրա, նստած էր Աշխենը, որ իր խաղաղ հայացքով հետաքրքրությամբ նայեց իրեն անծանոթ հյուրին։

— Աշխեն ջան, խնդրեմ, ծանոթացիր։ Սա այն Մինասյանն է, որի ժողովրդական բանահյուսությունների ժողովածուն