անցյալ օրը կարդում էինք միասին։ Հա՛, լավ միտս եկավ, պարոն Մինասյան. ինչո՞ւ ձեր վերջին հրատարակությունից մի գիրք չուղարկեցիք ինձ։
— Չեմ ուղարկել, որովհետև ինձ միայն մի օրինակ է ուղարկվել գյուղը, իսկ մնացածը բաժանված է այստեղ գրավաճառանոցներին։ Հենց վաղն ևեթ մի օրինակ կվերցնեմ և կբերեմ ձեզ համար։
— Ա՜յ, չլինի՞ թե դրա համար եք եկել Թիֆլիս։
—Ոչ, դրա համար չեմ եկել, բայց ինչի համար որ եկել եմ, էլի ձեզ հետ կապ ունի։
— Հա-ա՞։ Ախր գիտեի, է, որ ուրիշ կերպ չէիք հիշի ինձ։ Դեհ, նստեցեք տեսնենք, այդ ի՞նչ բանի համար եք եկել, որ կապ ունի ինձ հետ։
Մինասյանն առավ օր. Սահակյանի առաջարկած աթոռը և նստեց սեղանի մոտ։ Օր. Սահակյանը մի ուրիշ աթոռ առավ և նստեց նրա մոտ։
— Ես եկել եմ, օրիորդ, ահա թե ինչ բանի համար։ Չգիտեմ ձեզ հայտնի է, թե ոչ, մի քանի տարի է, աշխատում եմ մեր գյուղում ուսումնարան բանալ։
— Այս հինգ տարում ձեր երեսը տեսել ե՞մ, որ իմանայի, թե ինչ եք անում այնտեղ։ Հետո՞։
— Հազար ու մի դժվարություններ հաղթելուց հետո այս տարի գործը, վերջապես, գլուխ բերի։ Ուսումնարանը լինելու է երկսեռ։
— Հիանալի։ Այդ պատիվ է բերում ձեր եռանդին։ Հետո՞։
— Հիմա եկել եմ խնդրելու ձեզ, որ ինձ համար մի լավ վարժուհի ճարեք։
— Ոչ, պարոն, ես ձեզ խորհուրդ կտամ, որ վերադառնաք գյուղ և մի քիչ էլ քնեք։ Լավ վարժուհիները բողկ չեն, որ հոկտեմբերի վերջին էլ կարելի լինի քաղել։ Ո՛ւֆ, այս հայկական դանդաղկոտությունը... Ի՞նչ էիք շինում մինչև հիմա, որ նոր եք հակալ-հակալ ընկել վարժուհու համար։
— Այ ինչ էի շինում, օրիորդ։ Բոլոր հանգամանքները, որ իմանաք, կտեսնեք, որ ավելի վաղ չէի կարող գալ նեղություն պատճառելու։ Ամենից առաջ պետք է ասեմ...
— Ի՞նչ, դուք ուզում եք ինձ երկար պատմությու՞ն անել։ Ազատեցեք ինձ այդ բանից, ի սեր աստծո։ Ես երկար