Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ ձեզ վրա, որ դուք գործի վրա նայում եք ոչ թե ուսուցչի, այլ հոգաբարձվի աչքով։

— Իսկ ես զարմանում եմ ձեզ վրա, օրիորդ, որ դուք շահադիտական տեսակետից եք նայում գործի վրա։ Վարժուհին այնքան կստանա, որ բոլորովին բավական կլինի իր ապրուստի համար և, եթե ուզենա, դեռ մի բան էլ կարող է ետ ձգել։ Էլ ի՞նչ եք ուզում։ Գյուղ է, քաղաք խո չէ՞, որ մեծ ծախսեր ունենա։ Ես, ահա, բոլորովին ձրի պիտի ծառայեմ։ Բայց բանն այդ չէ։ Մի՞թե չի կարելի մի փոքրիկ զոհաբերություն անել գործի սիրույն։

— Զարմանալի է. դուք այնպես եք խոսում, որ կարծես թե ինձ հետ եք պայմանավորվում։ Բայց ես հասկանում եմ ձեզ. դուք իդեալական վարժուհի եք ուզում։ Այդպիսի դեպքում սխալվել եք. ինձ մոտ գալու տեղ պիտի գնայիք ոգիների աշխարհը։

— Դժբախտաբար, ճանապարհը չգիտեմ,— ծիծաղեց Մինասյանը։

— Ի՞նչ գործի սեր, ի՞նչ զոհաբերություն, ի՞նչ եք ասում, որտե՞ղ եք ապրում,—շարունակեց օր. Սահակյանը տաքացած։— Դուք կարծում եք, թե ամենքը ձեզ պե՞ս են։ Մոտակա վիրախոս հայ գյուղերից մեկում մասամբ իմ և մասամբ ուրիշների ջանքով աղջկանց ուսումնարան է բացված. ուզում եմ մի ներկայացում սարքել այդ ուսումնարանի օգտին, և ի՞նչ եք կարծում, ո՛ւմ դիմում եմ, որ մասնակցեն ներկայացմանը, համարյա ամենքն էլ մերժում են։ Այստեղ խո, իսկապես, զոհաբերություն էլ չկա, բայց չեն ուզում մասնակցել։ Ի՞նչ կարող ես անել։ Մերժողներից մեկն էլ, ահա՛, մեր այս օրիորդն է։

Աշխենը թեթև կարմրեց։

— Վարո, ինչո՞ւ ես այդպես,— հանդիմանությամբ նկատեց նա կամաց։— Ասացի քեզ, որ ընդունակություն չունեմ, չեմ կարող բեմ դուրս գալ։

— Լավ, լավ, լավ, կատակ եմ անում,— բացականչեց օր. Սահակյանը ծիծաղելով։— Գիտեմ, որ դու փախչում ես հասարակության աչքին երևալուց, գիտեմ, որ դու չես կարող բեմ դուրս գալ։ Բայց ես խոսում եմ նրա՛նց մասին, որոնք կարո՛ղ են, բայց սրտերում համակրության կայծ չունին