Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և չեն ուզում ունենալ դեպի գործը, նպատակը։ Իրենք, փառք աստծո, լավ ապրում են, իրենց ոչինչ պակաս չէ. է՛հ, շա՞տ են հոգում, թե մի որևէ վիրախոս հայ գյուղի ուսումնարան աղքատ է և, եթե չօգնես, կփակվի։ Ինչևիցե, այս թողնենք և գանք դարձյալ մեր գործին։ Ուրեմն այդպես, պարոն Մինասյան. թեև առաջուց ձեզ ասում եմ, որ ձեր առաջարկած պայմաններով չեմ կարող վարժուհի ճարել, բայց և այնպես վաղն ևեթ կխոսեմ մեկի հետ, որին առայժմ ի նկատի ունիմ։ Պատասխանն էլ, հույս ունիմ, վաղն ևեթ տամ ձեզ։ Առայժմ... Մայրի՛կ, թեյն ի՞նչ եղավ։

— Իսկույն բերում եմ,— լսվեց հարևան սենյակից փոքրիկ աղջկա ձայնը։

— Առայժմ մենք կսկսենք թեյ վայելել, պարոն Մինասյան, և դուք կպատմեք մեզ ձեր գիտցած նորություններից։ Չէ՛, ավելի լավ է պատմեցեք ձեր գյուղական գործերից։ Թեև ասացի, որ երկար պատմություններ չեմ սիրում, բայց և այնպես, երբ դուք խոսում եք գյուղի մասին, ես միշտ հաճույքով եմ լսում ձեզ։

Մինասյանն սկսեց պատմել այն դժվարությունները, որոնց հանդիպել էր ուսումնարանը հիմնելու գործում։ Եթե մի բան կա, որի պատճառով գյուղացին անտարբեր է դեպի կրթությունն առհասարակ, այդ նրա տնտեսական ծանր դրությունն է միայն։ Հացի խնդիրը կլանել է գյուղացուն ամբողջապես. նա ուրիշ բաների մասին ժամանակ չունի մտածելու։ Մինասյանը մանրամասնորեն պատճառաբանեց, որ գյուղացու տնտեսական նեղ դրությանը որքան բնական պատահարներն են նպաստում, պակաս չեն նպաստում նաև վաշխառուները, գյուղական բանկերի բացակայությունը, երկրագործության և գյուղատնտեսության հին մեթոդը և այլն։ Նա ասաց, որ մի տարուց ի վեր ինքն իր տնտեսության մեջ մտցրել է եվրոպական գործիքներ, որոնք, մեր լեռնոտ երկրի առանձնահատկությունների համար մի քանի հարմարություններ չունենալով, թեև սպասված արդյունքը չեն տալիս, բայց և այնպես, իհարկե, մեծ առավելություններ ունին ասիական գործիքների դեմ, այնպես որ գյուղացիներից քիչ-շատ ունևորները ցանկություն են հայտնել, որ իրենք էլ բերել տան եվրոպական գործիքներ։