Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինասյանը խոսում էր ազատ և բարձր. նրա ձայնը ձգողական ուժ ուներ։ Գյուղացու մասին խոսելիս գրական լեզուն համեմում էր գեղջկական բառերով ու դարձվածքներներով, այդ պատճառով նրա ոճը պարզության ու ինքնուրույնության առանձին կնիք էր կրում։ Նա զարմանալի ընդունակություն ուներ իր պատմությունը հետաքրքրական դարձնելու մինչև անգամ այնպիսի բաների մասին խոսելիս, որոնք հազար անգամ ծամված-ծամծմված են. օրինակ՝ վաշխառության և պանդխտության մասին խոսում էր այնպես, որ կարծես բոլորովին անծանոթ բան էր պատմում։ Իսկույն երևում էր, որ նա հոգով գյուղացի է և սիրում է գյուղն ու գյուղացուն, թեև վերջինս հասարակական-բարոյական բարքերը շատ բաներում նկարագրում է վերին աստիճանի տգեղ գույներով։

Օր. Սահակյանն էր միայն, որ մասնակցում էր նրա խոսակցությանը, մինչդեռ Աշխենը գրեթե բոլոր ժամանակ լուռ էր։ Իր սովորական հանդարտ հայացքով նայում էր Մինասյանի համակրելի թուխ դեմքին և լսում էր նրան առանձին հետաքրքրությամբ։ Նրա խաղաղ հայացքի մեջ տխուր մտահոգություն էր նշմարվում։ Մինասյանի պատմությունը վերարտադրել էր նրա մեջ մերձակա անցյալից մի հիշատակ, որ նա միշտ աշխատում էր հանել իր մտքից, սրտից, հոգուց և իսպառ մոռանալ, որպեսզի վերջնականապես մարեր իր ամբողջ էությունը լափող մի սաստիկ հուր, որը երբեմն կատարյալ հուսահատության էր հասցնում նրան... Մինասյանը, այդ եռանդուն, գործունյա երիտասարդը, գյուղացու թշվառ կյանքը պատմելիս, նրան հիշեցնում էր մի այլ երիտասարդ՝ նույնպես եռանդուն, նույնպես գործունյա, վեհ ձգտումներով, որոշ իդեալի տենչով լցված, որը կամովին ձգել էր իրեն դեպի հեռավոր երկիր, բայց դարձյալ հայրենակիցների, համարյուն եղբայրների մեջ՝ նրանց ծանր լուծն յորովսանն թեթևացնելու... Որքան որ քաղցր և անձնական ազնիվ հպարտության համար հաճելի էր, որ նա իր միտքը, սիրտն ու հոգին նվիրել էր մի այդպիսի երիտասարդի, այնքան ավելի հուսահատական էր նրա համար, որ չէր կարող պատկանել այդ երիտասարդին, նրա հետ միատեղ օդ շնչել, նրա հետ ձեռք ձեռքի տված գործել