Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և մեռնել միասին... Հերոսական կամք և ասպետական համբերություն էր հարկավոր այդ դրությանը դիմանալու համար. բայց նա դիմանում էր և այնքա՛ն անտրտունջ, որպիսի՜ խոհեմությամբ, որպիսի՜ անձնազոհությամբ...

Խոսակցությունն անցավ Թրքա-Հայաստանում նոր երևան եկած շարժումներին ընդհանրապես, և Կում-Կափուի դեպքին մասնավորապես։ Օր. Սահակյանն սկսեց սաստիկ հարձակում գործել պատրիարքի վրա, որ գործն այդպիսի խայտառակ դրության էր հասցրել, թեև, մյուս կողմից, նա չէր պաշտպանում ցուցարարներին, որոնց վարմունքն անխոհեմ էր համարում։ Աշխենը նկատեց, որ վերջին դեպքերին թեթև աչքով չպետք է նայել, որովհետև այդպիսի ծանր դեպքերն առանց արդարացուցիչ պատճառների չէ՛ որ երևան են գալիս։ Մինասյանն ասաց, որ գործին լավ ծանոթ չլինելով, ինքը դժվարանում է որևէ կարծիք հայտնել։

Բավական ուշ էր, որ Աշխենը վեր կացավ տուն գնալու. ուշագրավ և կենդանի խոսակցության մեջ նա չէր նկատել, թե ինչպես անցել էր ժամանակը։

12

Մինասյանն այդ գիշեր անհարմար համարեց Շահյանի մոտ տեղափոխվել։ Հետևյալ առավոտ վերցրեց իր ջարդված ճամպրուկն ու հնացած յափնջին և գնաց ընկերոջ տուն։ Այդ միջոցին Շահյանը զբաղված էր իր թարգմանությամբ։ Իմանալով, որ եկողը Մինասյանն է, մի րոպե իր սովորական մտավախությամբ ուզեց թղթերը հավաքել և պահել, բայց մեկ էլ մտածեց, որ հիմարություն կլինի այդ, քանի որ ինքը լոկ թարգմանություն էր անում և, իր համոզումով, այնքան էլ անհաջող չէր թարգմանում, որ երկյուղ ունենար ընկերոջ կողմից նկատողություններ ստանալու։ Նա շտապեց միայն բառարանները հեռացնելու գրասեղանի վրայից։

— Վա՛հ, գրականությա՞մբ ես զբաղվում,— կանչեց Մինասյանն իր բամբ ձայնով, գրասեղանի վրա թափթփված թղթերը տեսնելով։

Շահյանն ամոթխածությամբ ժպտաց։

— Այո, թարգմանում եմ պարապ չմնալու համար։