Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հա՜,— կեղծ անտարբերությամբ երկարացրեց Շահյանը։

— Նա այնքան էլ հիմար աղջիկ չէր երևում, և, երևի, ջախջախել է քեզ։ Հը՞,— ծիծաղեց Մինասյանը մտերմական բարեսրտությամբ։

Շահյանը վիրավորվեց. նրա անձնասիրության համար անտանելի էր ընկերոջ ծաղրը։

— Ինչի՞ց գիտես, թե ինձ ջախջախել է, որ այնքան հիմար աղջիկ չէ՞ր երևում... Կամ, գուցե նա ի՞նքը քեզ այդպես ասաց։

— Չէ՛, ամենևին չէ։ Իզուր ես բարկանում։ Ես նրա համար եմ այդպես կարծում, որովհետև քո այդ Շոպենհաուերը հենց ինքն էր առաջինը, որ ծաղրում էր իր քարոզած մտքերը։ Նա կյանքն անտանելի թշվառություն էր համարում, բայց ինքը փառավորապես օգտվեց այդ կյանքից ամբողջ յոթանասուն տարի։ Մարդկությանը նա դեպի մահ էր հրավիրում, բայց ինքը շարունակ ատրճանակ էր ման ածում հետը անձնա... չկարծես անձնասպանության, ո՛չ — անձնապաշտպանության համար։ Մարդկության թշվառության աղբյուրը նա կանանց էր համարում, բայց ինքը շարունակ կանանց գրկումն էր երջանիկ ժամեր գտնում և վերջը, կարծեմ, ապօրինի զավակներ թողեց։

— Զարմանալի է. ինչ ես դու նրա կյանքն օրինակ բերում իր մտքերի դեմ։

— Նրանը չլինի, իմը լինի, քոնը լինի։ Եթե գտնում ես, որ կյանքն անտանելի է, և մեռած ժամանակ միայն մարդ կարող է երջանիկ լինել,— էլ ինչո՞ւ ես ապրում. մեռիր, էլի՛։ Փառք աստծո, շատ բան հարկավոր չէ, մի գնդակ և մի վայրկյան, ուրիշ ոչինչ: Կամ, եթե գնդակից վախենում ես — ջուր կա. եթե ջրից վախենում ես — թոկ կա, եթե թոկից էլ վախենում ես — թույն կա։ Կամ թե չէ, ուզո՞ւմ ես, Բուդդայի պես նստիր ծառի տակ և շարունակ նայիր քթիդ ծայրին, մինչև որ սպանես քո մեջ ա՛յն, որ քո այդ սիրելի Շոպենհաուերը «ապրելու անգիտակից կամք» է անվանում։

Շահյանն ակամա ծիծաղեց։

— Ի՞նչ ես ծիծաղում. ես կատակ չեմ անում։ Ինքդ մտածիր, եղբայր. հենց միայն այն հանգամանքը, որ մարդ