չկային — այնքան բարակ և աննկատելի էին այդ հոնքերը։ Գուցե մի քիչ ավելի լայն էր բերանը, որ նա ամենևին չէր էլ աշխատում փոքր ցույց տալու. ընդհակառակը, կարծես դեռ հպարտանում էլ էր իր բերանի լայնությամբ, որը մի առանձին ինքնավստահ հաղթական գեղեցկություն էր տալիս նրա դեմքի խոշոր, տպավորիչ գծերին։ Բայց թվում էր, թե ավելի ևս հպարտանում էր կորսեթի մեջ խիստ սեղմված իր փարթամ կրծքով, որ լեռնացած էր նրա լիքը կզակի տակ։
Շահյանը դիտում էր նրան արուի վախկոտ ցանկասիրությամբ և տեսնում էր, որ դահլիճում եղած տղամարդկանցից ոչ մեկը աչքից բաց չէր թողնում նրան։
«Ինչպես մենք ամենքս նման ենք իրար»,— մտածեց նա իր և այն բոլոր տղամարդկանց մասին, որոնք նայում էին այդ կնոջ վրա ցանկասեր արուի գիշատիչ հայացքով, և այն միտքը, որ ինքը նման էր ամենքին և ամենքը նման էին իրեն, ստիպեց նրան ամաչելու իր այն ստոր զգացումից, որ այդ կնոջ արտաքինը հարուցանում էր իր մեջ։
Վերջացնելով թեյի երկրորդ բաժակը, տասը կոպեկ ավելի վճարեց սպասավորին և վեր կացավ։ Հակառակ իր կամքին, անդիմադրելի փափագ էր զգում մի անգամ ևս նայելու լեհացի կնոջը, բայց վախկոտությունից, թե ամոթից չկարողացավ նայել և արագ քայլերով դիմեց դեպի դուրս։
Դուրսը, դահլիճի դռան մոտ, նրա դեմն ելավ նորից Բազենյանը։
— Կառքն արդեն վարձեցի,— ասաց նա։— Մնում է, որ իրեղենները ստանամ։ Լսիր, Լևոն, ինչ եմ ասում։ Թիֆլիսում անպատճառ ուզում եմ քեզ տեսնել։ Էլի հին տա՞նն եք կենում։
— Միշտ միևնույն տանը։
— Շատ գեղեցիկ։ Թիֆլիս կգամ մի՝ կամ, եթե շատ ուշացա, երկու ամսից հետո։ Ես քեզ շատ բան ունիմ պատմելու։ Մենք պետք է վերանորոգենք մեր հին բարեկամությունը։ Դեհ, այժմ շտապիր, երրորդ զանգը շուտով կտան։ Ցտեսություն։
Երբ Շահյանը մտավ վագոն, տեսավ, որ բավականաչափ նոր ուղևորներ են ավելացել և արդեն վառված է առաստաղից կպած լապտերը, թեև մութը դեռ չէր կոխել։ Նա նստեց իր տեղը և սկսեց մտածել Բազենյանի մասին։ Շատ