Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր ակներև մահվան ամենավերջին րոպեում անգամ ամեն ջանք գործ է դնում, որ մի քիչ էլ ապրի,— այդ արդեն պարզ ապացույց չէ՞, որ կյանքը շատ էլ վատ բան չէ, և իզուր է քո այդ Շոպենհաուերը ստիպում, որ մարդ ուրիշ կերպ նայի կյանքի վրա։ Ի՞նչ ես կարծում, այդպես չէ՞։

— Ուրեմն, քո կարծիքով, ավելո՞րդ է թարգմանությունս,— առանց նրա հարցին պատասխանելու, հարցրեց Շահյանը կարճ մտահոգությունից հետո։

— Բոլորովին ավելորդ է։ Մեզ համար, ես կարծում եմ, դեռ շատ վաղ է այդպիսի բաներով զբաղվելը։ Մեր առաջ մեծ գործ կա կատարելու. նախ մտածենք ա՛յն բանի մասին, թե ինչպես անենք, որ նպաստած լինենք այդ մեծ գործի կատարմանը, նախ հոգանք մեր ժողովրդի թշվառության մասին, աշխատենք նրան փոքրիշատե բարօր վիճակի հասցնել, այնուհետև արդեն պարապ ժամանակ շատ կունենանք ընդհանուր մարդկային թշվառության մասին մտածելու... Մի բան էլ ասեմ. Շոպենհաուերին հասկանալը, ախր, հեշտ չէ, իսկ թարգմանելը — առավել ևս։

Եվ Մինասյանը, խորհրդավոր կերպով նայելով ընկերոջ ակնոցներին, մեղմորեն ժպտաց։

Շահյանը ոչինչ չպատասխանեց։ Նա ամաչում էր նայել Մինասյանի դեմքին, բնազդմամբ զգալով, որ ընկերն իր մտերմական բարեսրտությամբ կարող է շատ դառն հաբեր կլլեցնել իրեն։

Կես Ժամից հետո երկու ընկերները աղա Կարապետի և Թամարի հետ սեղանատանը նստած՝ խմում էին առավոտյան թեյը։ Աղա Կարապետը գովում էր Մինասյանի եռանդը, բայց գտնում էր, որ ավելի նպատակահարմար կլիներ ծխական դպրոցի տեղ բանալ գյուղատնտեսական դպրոց։ Մինասյանն ասաց, որ այդ բանը իր իդեալն է, որ ծխական դպրոցը լինելու է ապագա գյուղատնտեսական դպրոցի մի էտապը, իսկ այդ պակասը առայժմ լրացնում է իր սեփական փորձադաշտով, որտեղ գյուղացիները քիչ բան չեն սովորում։

Թեյից հետո Մինասյանը շտապեց գնալ գրավաճառանոց, ուր դասագրքեր և դասական ուրիշ պիտույքներ գնեց նոր ուսումնարանի համար, առավ իր վերջին հրատարակությունից