Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկու օրինակ — մեկը օր. Սահակյանին, մյուսը Շահյանին նվիրելու, հետո գնաց սրբազան առաջնորդի և թեմական տեսչի մոտ ուսումնարանին վերաբերող մի քանի կարևոր գործերի համար, ժամը 3-ին ճաշեց Շահյանենց տանը և երեկոյան գնաց օր. Սահակյանի մոտ վարժուհու մասին պատասխան ստանալու։

Աշխենն այս անգամն էլ ընկերուհու մոտ էր։

Երբ Մինասյանը ներս մտավ, օր. Սահակյանը տաք-տաք խոսում էր Աշխենի հետ։

— Ես ձեզ չասացի՞, որ ձեր առաջարկած ռոճիկով անկարելի է վարժուհի ճարել,— բարկացած կանչեց նա։

— Ի՞նչ է, չհաջողվե՞ց։

— Իհարկե, չհաջողվեց։ Զարմանալի է, որ դուք այդքան խամություն եք անում։ Ոչ թե մեկի, այլ երեք հոգու մոտ եմ գնացել, ոչ ոք չհամաձայնեց ձեր առաջարկած ռոճիկով գյուղ գնալ։ Դեռ ծիծաղեցին էլ: Մեր տանն, ասացին, ավելի լավ կարող ենք ապրել։

— Բաս ի՞նչ պետք է անենք։

— Ինչ ուզում եք՝ արեք։ Դեռ ձեր պատճառով կռվեցի էլ:

— Իմ պատճառո՞վ։

— Ես զայրացած խփեցի նրանց երեսին, որ նրանք ուզում են միայն լավ ապրել, որ նրանք ուրիշ նպատակ չունին, բացի լավ ապրելուց, որ նրանք անարժան են իրենց կոչմանը, որ եթե այսօր մի հարուստ պառավ մարդ խնդրի նրանց ձեռքը, նրանք ամեն բան կմոռանան և ուրախությամբ կվազեն այդ հարուստ պառավի տանը լավ ապրելու։

— Լավ, ես մեղավո՞ր եմ, որ այդ խոսքերը շպրտել եք նրանց երեսին։

— Բաս ե՞ս եմ մեղավոր,— աղաղակեց օր. Սահակյանը։— Եթե չհանձնարարեիք ինձ, որ վարժուհի ճարեմ ձեզ համար, կկռվեի՞ նրանց հետ։

— Ես ձեզ խնդրեցի, որ վարժուհի ճարեք, խո չխնդրեցի, որ կռվեք։

— Պարոն Մինասյան, շատ մի բարկացնեք, թե չէ, աստված է վկա, ձեզ հետ կկռվեմ։