Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տեսնում եք, որ մեղավորը ես չեմ, այլ ձեր բնավորությունը։ Բայց կատակը մի կողմ մնա, օրիորդ. ինձ, ախր, վարժուհի է հարկավոր։ Ես չեմ կարող այստեղ երկար մնալ։ Թեմական տեսուչը չի ուզում խառնվել այս գործին, որովհետև մեր մեջ անձնական հաշիվներ կան։ Հայտարարություն տամ, գիտեմ, բան չի դուրս գալ։ Մի ճար պետք է անե՞ք, թե չէ:

Օր. Սահակյանը մտահոգության մեջ ընկավ։ Նրա դեմքը մինչև անգամ տխուր արտահայտություն ստացավ։

— Ինչո՞ւ ինձ առաջուց իմաց չտվիք, որ ուսումնարան եք բաց անում և վարժուհու պետք կունենաք,— ասաց նա կարճ լռությունից հետո։— Այն ժամանակ ես կգայի։

— Դո՞ւք։

— Զարմանո՞ւմ եք։ Այո, ե՛ս։ Այստեղ, ճիշտը ձեզ ասեմ, ձանձրացել եմ. կուզեի օդը, միջավայրը փոխել։ Հիմա էլ կարող եմ հրաժարական տալ և ձեզ հետ գյուղ գալ, բայց...

— Ի՜նչ եք ասում... Ես երբեք չէի ցանկանալ, որ դուք այդպիսի զոհաբերություն անեիք։

Օր. Սահակյանը տխրորեն ժպտաց։

— Դուք այնպես եք խոսում, որ այդ զոհաբերությունը կարծես ձեզ համար պիտի անեի,— նկատեց նա։

— Գիտեմ, որ այդ զոհաբերությունը գործի համար պիտի անեիք, բայց... գյուղում և այն չնչին վարձատրությամբ ծառայելն անկարելի պիտի լինի ձեզ համար, որովհետև... ի՞նչ պիտի անեք ձեր պառավ մորը, ձեր եղբոր երկու փոքրիկ որբերին, որոնց պահողն ու կերակրողը դուք եք միայն։ Անհարմարություններ շատ կան, օրիորդ։

— Եվ կարծում եք, թե այդ անհարմարությունները գոյություն չունի՞ն ուրիշների համար, որոնցից երեկ դուք զոհաբերություն էիք պահանջում։ Մենք մեզ հակասում ենք, պարոն Մինասյան, և անաչառ չենք։ Բայց բանն այդ չէ: Գործողն ա՛յն ժամանակ է միայն գործող, երբ նա անհարմարությունների և դժվարությունների մեջ է գործում։ Բայց դուք գործող ասացեք, գործող: Մեր վարժուհիները... Ի՞նչ են մեր վարժուհիները.— դատարկագլուխ, ծույլ ու բթամիտ արարածներ, որոնք իրենք էլ չեն իմանում, թե ինչպես է