պատահել, որ վարժուհի են դարձել: Չես կարող փոքրիշատե լուրջ բանի մասին վիճաբանել հետները։ Իրենց խոսքերը քալփաթինով պիտի հանես բերաններից, իսկ քոնը մուրճով պիտի ցցես նրանց գլուխը, որ մտնի։ Ժողովներում նստում են փայտի պես, բայց որ իրենք իրենց մեջ են մնում, տեսնեք, թե ինչպիսի կչկչան կաչաղակներ են դառնում.— ամենքը սկսում են խոսել միանգամից, կատակներ են անում, բամբասում են, սրան են ծաղրում, նրան են ծաղրում, մեկին մի անուն են կպցնում, մյուսին՝ ուրիշ անուն, բութ սրամտություններ են անում, ծիծաղում են, հռհռում, իրար կողք են բզում, ծկլթում... մի խոսքով՝ այնպիսի հիմարություններ, որ երեխաներն էլ չեն անիլ: Եվ սրանք են կազմում հայ ինտելիգենտ կանանց այն դասը, որ գործում է հասարակական ասպարեզի վրա, մանուկ սերունդ է կրթում։ Ասելս այն է, որ այսպիսի մտավոր և բարոյական սնանկներից ի՞նչ գործ, առավել ևս — հանուն այդ գործի ի՞նչ զոհաբերություն կարող ենք պահանջել։ Այս այնպիսի մի ցավալի դրություն է, որ լավ մտածում եմ, ինքս ինձնից, իմ վարժուհի լինելուցս իսկ ամաչում եմ։
— Ներեցեք, օրիորդ,— նկատեց Մինասյանը ժպտալով,— ինձ թվում է, թե դուք մի քիչ չափազանցնում եք։
— Ի՞նչ, դուք չե՞ք հավատում։ Ապացույցի համար, որ ես չեմ չափազանցնում, կհրավիրեմ այստեղ մի յոթ-ութ հոգի վարժուհի, ձեզ էլ կբերեմ կնստեցնեմ այստեղ, կսկսենք խոսել հասարակական կամ նույնիսկ մանկավարժական որևէ խնդրի մասին, և ինքներդ կտեսնեք, թե քանի՞սն է նրանցից փայտի պես նստած, քանի՞սն է կարծիք հայտնում և ինչպիսի՞ կարծիք։ Այնուհետև դուք վեր կկենաք, իբր թե գնում եք. ես ձեզ թաք կկացնեմ հարևան սենյակում, և այնտեղից ականջ կդնեք, թե ձեր դուրս գնալուց հետո ինչի մասին կսկսեն խոսել.— նրանք ձեր քթի մասին կխոսեն, պարոն Մինասյան։
Մինասյանը պինդ ծիծաղեց։
Աշխենը նայեց նրա մեծ քթին և ակամա ժպտաց։
— Ի սեր աստծո, օրիորդ,— բացականչեց Մինասյանը,— ինչպիսի վարժուհի ուզում եք ճարեցեք, միայն թե ինձ ազատ պահեցեք քթի մասին դասախոսող վարժուհիներից։