— Լավ,— ասաց Մինասյանը և մտքումը վճռեց, որ եթե բանը չհաջողվի, երեսը պնդի և դիմի Շահյանին կամ ուղղակի նրա հորը օգնություն խնդրելու։
Մինչ այդ խոսակցությունը տեղի էր ունենում օր. Սահակյանի և Մինասյանի միջև, Աշխենը, իր սովորության համեմատ, նստած էր բոլորովին լուռ։ Նկատելի էր, որ նա խորասուզված է ինչ-որ մտածմունքի մեջ։ Այդ մտածմունքից նրան հանեց օր. Սահակյանը։
— Աշխեն, ի՞նչ ես մտածում,— հարցրեց նա։
Աշխենը նայեց նրան և սթափվեց։
— Ե՞ս, ոչինչ։
— Հա՛, պարոն Մինասյան, գիտե՞ք, որ մեր այս օրիորդն էլ վարժուհի է, բայց կամավոր վարժուհի, ինչպես որ կամավոր զինվորներ են լինում. չքավոր մարդկանց երեխաներին ձրի դասեր է տալիս տնավարի։ Դուք այսպիսի իդեալական վարժուհի եք ուզում, բայց աստված տա։
Աշխենը չկամեցավ, որ ընկերուհին երկար խոսի այդ մասին. ուստի, դիմելով Մինասյանին, խոսք բաց արեց նրա ժողովրդական նյութերի ժողովածուի մասին։
— Հա՛, պարոն Մինասյան, բերի՞ք ձեր գիրքը,— հարցրեց օր. Սահակյանը։
Մինասյանը վեր կացավ և վերարկուի գրպանից հանելով օր. Սահակյանի համար այդ օրը գրավաճառանոցից վերցրած իր վերջին հրատարակությունը, հանձնեց նրան, Աշխենին էլ խոստացավ, որ մի գիրք էլ վաղը նրա համար կվերցնի։
— Ինչպես երևում է, պարոն Մինասյան,— ծիծաղելով նկատեց օր. Սահակյանը,— հայ հեղինակներդ, ավելի շատ նվիրում եք ձեր գրքերը, քան թե վաճառում։
Աշխենն, այդ երեկո օր. Սահակյանի մոտից վերադառնալով տուն, ուղղակի մտավ իր սենյակը, նստեց գրասեղանի մոտ, վերցրեց մի գիրք, որ կիսատ թողած ընթերցանությունը շարունակի, բայց թողեց և մտածության մեջ ընկավ: