Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարգել եմ նրան և երկյուղածությամբ խոնարհել նրա հաստատուն կամքի և ա՛յն գաղափարների առաջ, որ նա այնպես ջերմ կերպով պաշտպանում, այնպես ոգևորությամբ քարոզում էր։ Անձնուրացություն թշվառի բարօրության օգտին, անձնազոհություն հայրենիքի համար — այս էր նրա քարոզը։ Եվ այդ ո՛չ թե լոկ խոսքով, այլև գործով, որ նա այժմ ապացուցանում է։ Խոսքը գործով ապացուցել — այդ այնպիսի մի հերոսություն է, որպիսին ո՞ւր էր, թե ամենքն ունենային։ Այս րոպեիս ինչ որ գիտեմ, ինչ որ սովորել եմ և ինչ որ ուզում եմ անել, այդ բոլորի համար մեծապես պարտական եմ նրան։ Եվ եթե գիտենաս, սիրելիս, որքա՜ն հպարտանում եմ, որ նա իմ մոտիկ ազգականն է, իմ հարազատը, իմ...

Աշխենը լռեց, և Եվայի փոքրիկ ձեռքերը ցնցողաբար սեղմելով իր երկայն մատների մեջ, տխրորեն ժպտաց։

— Տեսնո՞ւմ ես, սիրելիս, ինչքան ոգևորվեցի,— արտասանեց նա։

— Երևում է, որ դու ինձնից ավելի ես սիրում եղբորս,— ասաց Եվան, որ մինչև այդ ժամանակ անմեղ լրջությամբ նայում էր Աշխենի վառված աչքերին, լայն, պարզ ճակատին։

— Մի՞թե այդ հանցանք է... չէ՞ որ նա և ի՛մ եղբայրն է։

— Իհարկե։ Նա էլ քեզ շատ էր սիրում։

— Գուցե նախանձո՞ւմ ես։

— Նախանձո՞ւմ։ Իհարկե, չէի կամենալ, որ եղբայրս ինձնից պակաս սիրվեր, քան թե քեզնից կամ մի ուրիշից, չնայելով, որ ես... Ա՜խ, ես նրան շատ եմ սիրում, Աշխեն, չափից դուրս շատ եմ սիրում... Որ գիտենաս՝ ինչքա՜ն վատ մտքեր էին պաշարում ինձ այս գիշեր, ինչքա՜ն վատ նախազգացումներ... Ո՜ւֆ, այլևս չպետք է կարդամ այդ անիծված հեռագրերը...

Երկյուղի նման մի մռայլ բան անցավ Աշխենի դեմքի վրայով, և նա կաշկանդված՝ մի րոպե անթարթ նայեց Եվայի տխրած աչքերին։ Հետո հազիվ նկատելի կերպով ցնցվեց և կամաց վեր կացավ տեղից։

— Դատարկ բան է,— արտասանեց նա, կարծես ինքն իրեն սրտապնդելու համար, և սկսեց անցուդարձ անել սենյակում:—