Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կիսատ մնաց. չգիտեմ երբ կվերջացնեմ. կարծես ծուլացել եմ։

Ծատուրին իմ կողմից սրտագին ողջույն մատուցիր, նույնն ընդունիր և դու։ Բավական է, հոգնեցի։

Քո Նար-Դոս


15. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
1893. հունիսի 3. Թիֆլիս

Սիրելի Մինաս.

Վերջին նամակդ հենց նոր ստացա և անմիջապես գրում եմ սույն պատասխանը։ Խոստովանվում եմ, որ մեղավոր եմ, քեզ այսքան ժամանակ նամակ չգրելով, մանավանդ, որ դրա համար ոչ մի պատճառ չեմ ունեցել, բացի ծուլությունիցս։ Հիվանդությունիցս հետո սաստիկ ծուլացել եմ։ Բայց դու էլի «երջանիկ» ես, որովհետև ինչքան էլ ուշ-ուշ եմ նամակ գրում քեզ, էլի գրո՞ւմ եմ խո։ Հապա ի՞նչ անի խեղճ Ծատուրը, որին շա՜տ, խիստ շատ ժամանակ է նամակ չեմ գրել.— ասենք նրան նամակ չգրելս, բացի ծուլությունիցս, ուրիշ պատճառ էլ ունի[1]...

«Арм. бел.» վաղուց եմ ստացել, որի համար հայտնում եմ անկեղծ շնորհակալությունս. այդ նվերն ինձ համար շատ թանկ արժե։ Երևում է, նեղացել ես, որ Վարսամը[2] հրապարակ է հանել Պռոշյանի կենսագրության մեջ քո արած սխալը[3]. բայց խոստովանվիր, որ այդ սխալն արդեն չափից դուրս մեծ պրոմախ է, որպեսզի կարելի լիներ ծածկել, առանց հրապարակ հանելու էլ, հայ նորագույն գրականության հետ յուրաքանչյուր փոքր ի շատե ծանոթ անձ պիտի նկատեր այդ սխալը և շատ պիտի զարմանար։ Սակայն մենակ դու չես, որ այդպիսի սխալ ես արել, նույնպիսի մի սխալ միևնույն գրքի մեջ արել է նույնպես և Վեսելովսկին, որ Վարսամը չի նկատել. այդ սխալն այն է, որ քո ռուս կոլեգան Շիրվանզադեի «Հրդեհ նավթագործարանում» («Пожар на заводе») պատկերը Րաֆֆիի հեղինակությունն է համարում

  1. Վերջին շրջանում Ալ. Ծատուրյանը հարում էր «Մշակին», այդ պատճառով Նար-Դոսը վշտացած էր նրանից. ակնարկը վերաբերում է դրան։
  2. Վարսամ — Մ. Աբեղյանի ծածկանունը, այդ ստորադրությամբ գրախոսականներ է գրել «Նոր-Դարում»։
  3. Խոսքը վերաբերվում է «Армянские беллетристы» առաջին հատորում տպագրված Պ. Պռոշյանի կենսագրության հետ կապված մի թյուրիմացությանը։