Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(տե՛ս գրքի 97-րդ երեսը)։ Այդպես թե այնպես, գիրքն արտաքին կողմից շատ գեղեցիկ տպավորություն է թողնում, բայց բովանդակության կողմից, իմ կարծիքով, այնքան էլ գոհացուցիչ չէ. խմբագրական կենսագրական հոդվածները շտապ կատարած գործի տպավորությունն են թողնում. ապացույցն հենց վերոհիշյալ երկու պրոմախները: Հետո, մի՞թե կարելի է այդքան գովեստներ շռայլել հայ գրողների հասցեին. դուք նրանց յոթներորդ երկինքն եք բարձրացնում, որոնց տեղը հազիվ առաջին երկինքը լիներ։ Բացի դրանից, դուք միայն ևեթ գովում եք, հա՛ գովում. հապա ո՞ւր են պակասությունները. կամ, գուցե, դուք պակասություններ չե՞ք գտնում հայ գրողների մեջ։ Ճշմարիտ է, «Арм․ Бел․» ժողովածվի առաջին հատորի մեջ զետեղված խմբագրական հոդվածները լոկ «կենսագրական տեսություններ» են, բայց, իմ կարծիքով, այդ հոդվածների մեջ գլխավոր տեղը պիտի բռներ կրիտիկան, որովհետև չէ՞ որ ձեր նպատակն եղել է, ի միջի այլոց, ոչ-հայ ընթերցողին գաղափար տար «հայ գեղարվեստական երկերի» մասին. իսկ ճիշտ գաղափար տալ չի կարելի լոկ գովելով։ Վերապես, դուք, ախր, հայ գեղարվեստական երկերից նմուշներ եք բերում, իսկ ռուս ընթերցողը, բնականաբար, ձեր շռայլած գովասանքների համեմատ էլ պիտի քննի տյդ նմուշները։ Տուրգենևի, Տոլստոյի, Գոնչարովի համն ու հոտն առած ռուս ընթերցողն, իմ խորին համոզմամբ, բոլորովին հակառակ կարծիքի պիտի գար հայ գեղարվեստական գրականության մասին, ինչքան էլ որ ձեր բերած նմուշները գլուխ գործոց համարվեին։ Խոսք չունիմ, քո և Վեսելովսկու սկսած գործը որքան գովելի և օգտակար, նույնքան և դժվար գործ է, որի համար առանձին շնորհակալության արժանի եք երկուսդ էլ. բայց նրա համար, որ գործը դժվար է, դրանով չէ թուլանում պատասխանատվությունը։ Իմ համեստ կարծիքով, որքան քիչ գովեք հայ գրողների գեղարվեստական կողմը, այնքան ավելի ճիշտ գնահատած կլինեք նրանց։ Գուցե ես արդեն չափից դուրս հոռետես եմ և, ուրեմն, անարդար, բայց ի՞նչ արած, որ դեռ ոչ մի հայ գրող ինձ այն զարմացումն ու հիացումը, հոգեկան այն վսեմ բերկրությունը չի պատճառել, ինչ որ օտար նշանավոր գրողները, որոնցից, ինչպես երևում է, այնքան էլ