Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևան եկած հայրենասիրական շարժմանը, երբ սակավաթիվ անկեղծ հայրենասերների հետ զուգընթաց սունկի նման բսեցին հասարակական նվիրական կույր զգացումները շահագործող անթիվ ստորաքարշ, մութ անձնավորություններ՝ իրենց դատարկ գրպանները լցնելու, բայց իսկապես մեծ գործ կործանելու։ Չգիտեմ որքան կաջողվի ինձ այս վեպը, բայց ես ստիպված եմ շատ բան քողարկել, որպեսզի խեղճ գրվածքս ազատ մնա այն անխնա ավերումից, որ գործում է աստվածապահ Ռուսիայի կարմիր թանաքը։

Հանքային ջրերի մասին գրածդ թղթակցությունների հետ անպատճառ ինձ նամակներ էլ կլինիս գրած, բայց այդ նամակներից միայն մեկն է հասել ինձ այստեղ — Նախիջևանից գրած նամակդ (ի դեպ՝ ինչո՞ւ նամակներիդ վրա թիվ չես նշանակում), որի մեջ գրաքննիչի ջնջած ինչ-որ բաների մասին ես խոսում, որոնցից ես, այստեղ նստած լինելով, բոլորովին տեղեկություն չունիմ, որպեսզի բացատրություն տամ քեզ։ Գրականական ակնարկներդ ի՞նչ արիր։ Ի սեր աստծո, գրիր ե՞րբ ես ավարտում և ի՞նչ ես մտադիր անելու։ Մոսկվայի համալսարանից այստեղ հայ ուսանողներ են եկել ամարանոց։ Ես ծանոթ չեմ նրանց հետ, բայց ընկերս ասում է, որ շատ դատարկ արարածներ են և բոլորովին բոբիկ մանավանդ հայկական կյանքի մեջ կատարվող երևույթների վերաբերմամբ։ Մի՞թե։ Ինչո՞ւ ես դրանց այդպես թողնում։ Ափսոս չէ՞ համալսարանական կրթությունը, որ դրանց վրա է վատնվում։ Կամ գուցե կլորիկ ռոճիկների և պսպղուն կոճակների համար պաշտոնյաներ պատրաստող ռուսական համալսարանները միայն ևեթ մտավոր և բարոյական դատարկություննե՞ր են արտադրում, և քեզպեսները միայն օազիսնե՞ր են անապատում։ Շատ ցավալի է, եթե այդպես է. ցավալի է ո՛չ թե նրա համար, որ չինովնիկների երկրումն է այդպես, այլ նրա՛ համար, որ գիտությունն այդ աստիճան ստորացած է։ Ի դեպ. այս օրերս մտադիր ենք վերոհիշյալ հայ ուսանողների հետ քեֆ անել, առիթ կունենամ անձամբ ծանոթանալու։

Ծատուրին նամակ եմ գրել, պատասխան չկա. կարծում եմ նեղացած պիտի լինի։ Որ գնաս Մոսկվա, իմ կողմից ասա, որ սառը ջուր խմի։