Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինիլ, թող յուր նկատողություններն ու կարծիքները հայտնի հոդվածի տակը հարկավոր տեղերում։ Կարծեմ, ամերիկական նորություն կլինի այն հանգամանքը, որ միևնույն թերթում խմբագրության և յուր աշխատակցի միջև վերջինիս այս կամ այն հոդվածի առթիվ պոլիմիկա մղվի։ Համենայն դեպս դա փոքր ինչ օտարոտի կլինի։ Այդ առաջին, երկրորդ՝ ինչպես ես մասնավորապես, նույնպես և խմբագրությունը բոլորովին համաձայն չենք քեզ հետ հոդվածիդ մի քանի գլխավոր կետերի նկատմամբ։ Մեր մամուլի մասին խոսելով, ամենից առաջ պիտի ասեմ, որ դու չափազանցություն ես արել, իսկ մի բան, որ չափազանցված է. նա ճիշտ չէ։ Ինչի՞ց ես եզրակացրել, որ մեր մամուլն իրեն պատշաճ բարձրության վրա չէ կանգնած, ինչի՞ց ես գտնում, որ միայն մեր մամուլն է բարոյապես ընկած։— «Տարազի»[1] հայհոյանքների՞ց։ Բայց մի՞թե «Տարազն» է միայն մեր մամուլը կազմում, «Տարազը», որ «Մշակի» վիժմունքն է։ Մի կամ մի քանի թերթերի բոլոր մեղքերն ամբողջ մամուլի վզին բարդել — դա իրավացի չէ։ Չէ՞ դու ընդհանուր առմամբ ես խոսում։ Եթե մի բան կա դատապարտելի, դա ոչ թե մամուլն է հայերիս մեջ, այլ — ընթերցող հասարակությունը, որ յուր բարոյական սնանկության մեջ չի պատժում «Տարազի» նման թերթերին՝ նրանց անդուռն բերանի համար։ Այսպիսի փչացած հասարակության մեջ մեր մամուլը մեծ մասով առած, ընդհակառակը, կարելի է ասել, որ դեռ մի աստիճանով էլ բարձր է կանգնած՝ համեմատած մեզնից շատ ու շատ զարգացած ազգերի մամուլի հետ. գոնե մեզնում չկան այնպիսի ծախվող (продажный) թերթեր, ինչպես Ֆրանսիայում և այլուր։ Վերջապես ի՞նչ ես ուզում, եղբայր.— «Каков поп, таков и приход»: Գուցե ասես, որ մամուլն է մեղավոր, որ հասարակությունը փչացած է։ Շատ կարելի է, ճիշտ է այդ, բայց ի՞նչ է մամուլը, եթե ոչ — հասարակության հայելին։ Հետո — ինչո՞ւ դու մեր մամուլի միայն բացասական կողմն ես վերցնում, չէ՞ որ ամեն բանի մեջ կարելի է վատ բան գտնել։ Ինչո՞ւ դու մոռանում ես մեր մամուլի՝ ազգային ինքնաճանաչության գործում կատարած ահագին դերը, որի մոտ նրա բացասական կողմը ոչնչանում է։ Շատ հեռու մի գնար. ի նկատի առ միայն վերջին մի քանի տարվա մեջ մեր

  1. «Տարազ» գրական-գեղարվեստական-երգիծաբանական պատկերազարդ պարբերականը լույս է տեսել 1890-1918 թթ. Թիֆլիսում, Տ. Նազարյանի խմբագրությամբ։ Նար-Դոսի այս շրջանի նամակները գրված են կաթողիկոսական ընտրությունների առիթով բորբոքված պայքարի օրերին և պարունակում են այդ պայքարի արդյունքը հանդիսացող չափազանցություններ, վիրավորական խոսքեր հակառակորդ խմբի մարդկանց նկատմամբ։ Նման չափազանցություններից պետք է համարել «Տարազին» տրված այդ գնահատականը։