Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կյանքի մեջ երևան եկած ընդհանուր — ազգային շարժումը.— դա բացառապես մեր մամուլի արդյունքն է, որի համար նա արժանի է ամենայն շնորհակալության։ Գալով այն բանին, թե մեր մամուլը տաղտկալի է, մեռած և այլն և աղ է պակասում նրան, այդ մասին այսքանս միայն կարող եմ ասել, որ աղը երկնքից է տրվում, մամուլը մեղավոր չէ, որ աստված մեր գրողներին աղ չի տվել։ Այս էլ կարող եմ ասել, որ — հավատացնում եմ քեզ — տեղական ռուսաց թերթերը (Թիֆլիսում հրատարակվողներն եմ ասում) ավելի մեռած և տաղտկալի են, քան հայոց թերթերը, չնայելով, որ առաջինները վարձատրում են իրենց աշխատակիցներին, իսկ երկրորդները՝ ոչ։ Դարձյալ այս էլ կարող եմ ասել, որ հայոց թերթերը անհետաքրքիր կարող են լինել զարգացած ընթերցողի համար, բայց դու գնա գավառները և տես ինչպիսի հետաքրքրությամբ են կարդում այնտեղ. հայոց թերթերն այնտեղ ձեռքե-ձեռք, տնե-տուն, գյուղե-գյուղ են անցնում։ Իսկ մեր ընթերցողների ահագին մեծամասնությունն այդ գավառացիներն են կազմում։ Իհարկե, լավ կլինի, որ մեր մամուլը մի քանի աստիճանով բարձր լինի, քան է այժմս, բայց մեր մամուլի այժմյան դրության մեջ լինելու պատճառն էլ ինքդ ես բերում — նյութական կողմից ստոր աստիճանի վրա կանգնած լինելը։

Այս բոլորը մի կողմը մնա։ Ի՞նչպես դու կարծել ես, թե ցենզորի ձեռքից կարող է անցնել վերոհիշյալ հոդվածդ, որի մեջ Ռուսիային «ամենատգետ» ածականն ես տալիս և զանազան ազգերի լուսավորության գործը համեմատելով, դուրս ես բերում, որ Ռուսիան այդ կողմից ամենաստոր աստիճանի վրա է կանգնած։ Խոսք չունիմ, դա ճշմարտություն է, իհարկե, բայց չէ՞ որ ճշմարտությունն աչք է ծակում։ Այդ կողմերում — Մոսկվայում և Պետերբուրգում իրենք ռուսներն էլի քիչ ու միչ ազատություն ունին պետության երեսին դառն ճշմարտություններ ասելու, բայց այս կողմերում — «не смей свое суждение иметь»:

Այսպես թե այնպես հոդվածդ կարելի է տպել իմ նկատած տեղերում փոփոխություններ մտցնելով, իսկ ռուսաց պարբերական հրատարակությունների մասին եղած կտորը — ոչինչ, կարելի է նույնությամբ տպել։