Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էհ, տեղ քիչ է մնում. քիչ էլ օրվա նորություններից գրեմ։ Հայրիկն եկավ, ընդունելությունը բառիս բուն նշանակությամբ գրանդյոզ բնավորություն ուներ։ Նա կատարելապես մեր ուղղության է, սակայն դա ճիշտ չէ. մի քանի բաներում նա հետադեմ է։ Այժմ ավելի քան երբեք պարզ կերպով ապացուցվեց, որ մեր ազատ-անմիտները նրան թեկնածու էին գրել և այնպես եռանդով պաշտպանում էին նրան միմիայն նրա համար, որ նրա միջոցով անցկացնեն իրենց Արիստակեսին։ Վեհափառն յուր մոտից բացեիբաց արտաքսեց ազատամիտների ներկայացուցչին — Հ. Առաքելյանցին, իսկ Արիստակեսն ամենևին չէր դուրս գալիս յուր սենյակից։ Սուքիաս և Ներսես սրբազանների գալը մանավանդ բոլորովին փոխեց ժողովրդի տրամադրությունը։ Դիմակները վայր ընկան, մշակականների քիթը կոտրվել է։ Արիստակեսի հետ խորին խորհուրդներ են խորհում...

Քո Նար-Դոս

Հ. Գ. — Այս րոպեիս ստացա վերջին նամակդ. կաշխատեմ մի քանի օրից պատասխանել։

Ամենախոնարհ բարևներս հիշիր մեծապատիվ պարոն Ալեքսանդր Ծատուրյանին։

«Арм. Бел.»-ի մասին «Տարազի» և «Нов. Об.»-ի գրածները հետևյալ նամակիս հետ կուղարկեմ։


18. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ

1893. սեպտեմբերի 18. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

«Арм. Бел.»-ի առաջին հատորը դեռ լույս չտեսած՝ դու ինձ գրել էիր, որ իմ կենսագրությունն ուղարկեմ քեզ։ Ես այն ժամանակ ուղարկեցի և, որքան հիշում եմ, գրել էի, որ եթե ինձ պես հափուռ-չփուռ գրողներին տեղից չշարժեք, ձեր գործն ավելի լավ դուրս կգա։ Բայց, ինչպես երևում է վերջին նամակիցդ, դու հանաք չես անում և իսկապես մտադիր ես ինձ էլ բելետրիստների մեջ խոթել։ Գուցե ընկերիդ,