Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսինքն, իմ, խաթրը չկոտրելու համար է այդ. գուցե և իմ մեջ մի որևէ արժանիք ես տեսնում։ Առաջին դեպքում ես չեմ բարձրանալ, իհարկե, դրանով ձեր գործը միայն կարող է վնասվել, երկրորդ դեպքում ես ուրախ կլինիմ։ Համենայն դեպս ես ինձ այնքա՛ն չնչին գրող եմ համարում, գոնե իմ մինչև այժմ գրածներն այնքա՛ն աննշան բաներ են թվում ինձ, որ ամաչում եմ, ճշմարիտ, թե ինչպես պիտի հանդես գամ մի ընտրովի ժողովածվի մեջ։ Սակայն դու գիտես քո գործը, ես ամենևին մտադիր չեմ խառնվելու, մանավանդ այն բանում, որ ինձ է վերաբերում։ Միայն կուզեի բարեկամաբար մի խորհուրդ տալ, եթե, իհարկե, իմ խորհուրդը մի որևէ նշանակություն կարող է ունենալ.— կարելույն չափ սկեպտիկ եղեք մեր գրողների վերաբերմամբ. նրանց ձեռքերով երկնքից աստղեր մի վեր բերեք, ինչպես ձեր գործի առաջին հատորումն էիք արել, այլապես կանբարոյականացնեք նրանց, այլ և ձեր գործը կկորցնի յուր լրջությունը։ Մեր գրողներն, ախր, մանավանդ նորերը, արժանի չեն այն գովասանքներին, որ դուք այնպես առատությամբ շռայլում եք բանից բեխաբար ռուս ընթերցողների առաջ։ Մինչև անգամ ես այսպիսի բան էլ եմ մտածում, իմ կարծիքով ավելի լավ կլինի, եթե դուք ամենևին չմտնեք ձեր ընտրած գրողների արժանիքների գնահատության մեջ, այլ միայն նրանց գրածներից ամենալավերի թարգմանությունը դնեք ընթերցողի առաջ և թողնեք, որ այդ ընթերցողն ինքը դատե։ Այդպիսով ընթերցողը նախապաշարված չի լինիլ և նա ճիշտ կերպով կգնահատե։ Մյուս կողմից, ախր, ավելորդ էլ է ձեր գովասանքը, որովհետև ձեր գործն ինքնըստինքյան նպատակ ունի այնպիսի գրողներին ներկայացնել ռուս ընթերցողին, որոնք արժանիքներ ունին, իսկ թե ինչպիսի արժանիքներ — այդ — կրկնում եմ, թողեք իրեն, ընթերցողին։ Բայց կենսագրություն — ոչինչ, դա կարելի է։

Իմ կենսագրությունից հետևյալը միայն կարող ես գրել.

«Ծնվել է 1867 թվին․ գրականական ասպարեզ է իջել 1885 թվից. գրել է վեպեր և պատկերներ, որոնք գրեթե բացառապես տպվել են «Նոր-Դար» լրագրում, որին նա մինչև օրս էլ աշխատակցում է զանազան կերպ»։