Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ միայն այդքան։ Սակայն, թե հարկավոր է կարող ես թվել և գրածներիս անունները, որոնք հետևյալներն են.

Վեպիկներ և վեպեր — «Նունե, «Բարերար և որդեգիր», «Աննա Սարոյան», «Քնքուշ լարեր» և «Զազունյան»։

Պատկերներ — «Արշակ Սանթուրյան», «Ընտանիքի խաչը» , «Լավ բժշկեցին», «Հոպոպ», «Կյանքի ծաղրը», «Սև փողերի տոկոսը», «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Քաչալ Մարտիրոսի պարիկը», «Հայ ուսուցիչը», «Սա և նա»։

Ավանդություններ — «Մարդու աչքը», «Ագահության սկիզբը», «Երկնքի զանգակը»։

Գալով բովանդակություններին — փոքրիկ գրվածքներիս բովանդակությունները հայտնի են քեզ. իսկ մեծերի մասին չարժե խոսել։ Այսքանս բավական է քեզ ասեմ, որ եթե այդ մեծ գրվածքներս, դժբախտաբար, տպված չլինեին, ես այժմ ամենայն ուրախությամբ կոչնչացնեի։ Առհասարակ ես խիստ դժգոհ եմ իմ մինչև այժմ գրածներից և շատ ցավում եմ, որ ոչ մի ղեկավար չեմ ունեցել։ Եթե իմ գրածների մեջ կան բաներ, որոնց էլի քիչ ու միչ հավանում եմ դրանք — հասարակ ժողովրդի կյանքից առած փոքրիկ պատկերներ են, որոնց ինքս անձամբ ականատես եմ եղել, և մյուսներից մի երկու բան. մնացածներն հիմար բաներ են։ Հույս ունիմ, որ այսուհետև ինչ որ կհրատարակեմ, այնքան էլ հիմար բաներ չեն լինիլ. փառք աստուծո, այդ հավատն ես ունիմ։ Հա՛, լավ միտս եկավ, ինչո՞ւ դուք մոռացել եք Մուրացանին. գոնե քո նամակի մեջ նրա անունը չկա հիշված։ Եթե Մուրացանը, ձեր կարծիքով, բարձր չէ, օրինակ, Փափազյանից, որին դուք պատվում եք ձեր ընտրյալների շարքը դասելու, գոնե նրանից ստոր էլ չէ։ Գուցե դուք չգիտեք, բայց ես կարող եմ հավատացնել ձեզ, որ ժողովրդականության կողմից Րաֆֆիից հետո երկրորդ տեղը բռնում է Մուրացանը։ Ճշմարիտ է, գեղարվեստական և, մանավանդ, հոգեբանական կողմից կաղում են նրա վեպերը (չեմ կարծում, թե Փափազյանն այդ կողմից առավելություններ ունենա), բայց՝ իբրև որոշ տենդենցիաներով գրող՝ նա եզակի և ինքնուրույն է մեզանում։ Մուրացանի լեզուն էլ օրինակելի է համարվում, թեև զերծ չէ գործածությունից դուրս եկած մի քանի հնաբանություններից։