Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձեր գործն, իհարկե, դուք գիտեք, բայց, հավատացնում եմ ձեզ, սխալվում եք հայ վիպասանների շարքից դուրս ձգելով Մուրացանին։

Իմ կարծիքն ես հարցնում վիպասանության մասին։ Ես մի-երկու խոսք կասեմ հայոց վիպասանության վերաբերմամբ, և, գուցե, զարմանաս, որ հայոց վիպասանությունից առանձնապես հատուկ պահանջ ունիմ։ Հայոց վիպասանությունը պետք է տենդենցիոզ լինի. հայ վիպասանը պետք է իդեալներ տա, որովհետև քաղաքական և սոցիալական հայտնի անբարեբաստիկ պայմանների մեջ հոգին ու զգացմունքները բթացած հայը ավելի, քան մի ուրիշ ազգի մարդ, կարոտ է իդեալների, որոշ մտքով առած։ Եվ հայը, զարմանալի է, սիրում է իդեալներ։ Ես բացառապես դրանով եմ բացատրում Րաֆֆիի ահագին ժողովրդականությունն ու ազդեցությունը, որ ունեցել է նա և դեռ կունենա։ Եվ այդ կողմից գեղարվեստական գրականությունն ահագին դեր ունի կատարելու հայերիս մեջ։

Այսքանովս բավականացիր։ Ժամանակս շատ սուղ է. երկար գրել այդ մասին չեմ կարող։

Գուցե այս աշնան «Նոր-Դարում» սկսեմ տպագրել վեպիս առաջին մասը, այդպիսի դեպքում երկրորդ մասը կտպագրվի առաջիկա տարվա սկզբներին. իսկ երրորդը — Աստած գիտե։

Նամակիս հետ ուղարկում եմ «Տարազի» և «Нов. Об.»-ի բելլետրիստների մասին գրած մատենախոսությունները, որ դու ուզել էիր։ Ընդունիր սիրո ողջույնս։

Քո Նար-Դոս


19 ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ


1893. հոկտեմբերի 30. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Այժմ արդեն վերջնականապես վճռված է «Նոր-Դարի» տասնամյակը տոնել։ Կտոնվի միաժամանակ նաև պ. Սպանդարյանի գործունեության քսանամյակը. առաջին անգամ