Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա ես գրում, որ զարմանալու չէ դրանցից մեկն ու մեկը կորցրած լինեմ։

Եվ այդպես քեզ տեսնեմ, Մինաս։

Ընդունիր սիրո ողջույնս
Քո Նար-Դոս

P. S. Ծատուրից մի սիրահարական նամակ ստացա, վերջապես։

Նույնը.


20. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ

1893. նոյեմբերի 20. Թիֆլիս.

Սիրելի Մինաս

Քանանովի մասին գրածդ հոդվածը ցենզուրը թույլ չտվեց ի լույս ընծայել, նամակիս հետ ուղարկում եմ, որպեսզի չկասկածես, որ մեր ցանկությամբ չի տպագրվում։ Պ. Բարխուդարյանից էլ ունինք ստացած մի երկար նամակ Պոպով քահանայի և Քանանովի մասին. երևի այդ նամակն էլ քո հոդվածի վիճակին կենթարկվի. համենայն դեպս նախքան տպագրելը կուղարկենք ցենզուրի բարեհայեցողության։ Հոդվածդ ինքնըստինքյան բավական մեղմ է, բայց այդ միևնայն ցենզուրը շուն է, ամեն բան հասկանում է, կարգադրված է մանավանդ և առանձնապես «Նոր-Դարի» մեջ լույս տեսնող հոդվածներին շատ խստությամբ վերաբերվել։

Նամակս երևի ստացած կլինիս «Նոր-Դարի» հոբելյանի մասին։ Որոշված է հոբելյանը տոնել հունվարի 30-ին։ Անհամբեր սպասում եմ պատասխանիդ։ Անպատճառ ուղարկիր և վիզիտ պատկերդ։

«Նոր-Դարի» և «Մշակի» միջև հարաբերությունները նույնն են, դեռ ավելի վատ, պատճառը շատ հասկանալի է. նրանց իդեալն Արիստակեսն է, իսկ հայտնի է, թե «Նոր-Դարն» ինչ դիրք ունի բռնած դեպի Արիստակեսը։ Բացի դրանից, Հայրիկի վերաբերմամբ իրենց հիասթափության պատճառն