Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նամակագրություն չունիմ։ Այո՛, կար մի ժամանակ մի Ծատուր, որի հետ սիրահարի նման նամակագրություն ունեի, բայց այժմ... աստված նրա հետ։ Ինչ ուզում ես ասա, այն օրից, երբ նրա ստորագրությունն երևաց մի թերթում, որի ղեկավարները Մալումյաններն են, այդ օրից մեր մեջ ամեն ինչ քակտվեցավ, և իզուր է նա կարծում, թե ընկերական հարաբերությունների մեջ հայացքներն ու համոզմունքները նշանակություն չունին (այդպիսի մի նամակ նա գրել էր ինձ)։ Շատ հետաքրքրվում եմ իմանալ, թե ի՞նչպես է եղել և ո՞վ է եղել պատճառը, որ նա խմորվել է «ազատամիտ» «առաջադիմական» գաղափարներով և այսպես հանկարծ ձեռք է վեր առել մեզնից — «հետադեմ — խավարամիտներիցս»: Ինչևիցե. սա նամակիս նյութին չի վերաբերում։

Քո առաջարկած հարցերին կարող եմ հետևյալը պատասխանել. 1) Թիֆլիսում իբրև նախլեբնիկ կարող ես ապրել լավ ընտանիքի մեջ ամսական 20—25 ռուբլով, բացի մանր-մունր ծախսերից, որոնք անպատճառ հարկավոր կլինի քեզ այսպիսի մի քաղաքում. 2) ցենզ պահանջվում է միմիայն ծխական դպրոցների ուսուցիչներից, իսկ թեմական դպրոցների ուսուցիչներից չի պահանջվում. 3) Թիֆլիսում քո ցանկացած դասերը, որքան ինձ հայտնի է և ուրիշներից էլ հարցրել եմ, չկան, ռուսաց և ընդհանուր պատմության ու գրականության դասեր թերևս կարողանաս ձեռք բերել Գևորգյան ճեմարանում, որի ուսուցչական խումբը դեռ չի կազմակերպված. այդտեղ հիշյալ դասերը կարող ես ստանալ Սպանդարյանի միջնորդությամբ, որի առաջարկած մարդուն ճեմարանի այժմյան տեսուչը՝ Վահան վարդապետը հակառակ չի լինիլ. 4) խմբագրատան մեջ ծառայության մեջ մտնել ամենևին խորհուրդ չեմ տալ ոչ թե ամենաչնչին, այլ ամենապատվավոր գործ վարելու համար, որովհետև չորս տարվա փորձն ինձ ապացուցել է, որ խմբագրատան մեջ աշխատել միևնույն է, թե թաղել բոլոր ձիրքերը, առօրյա մանր-մունր բաներով — բամբասանքներով զբաղվելու համար։ Խմբագրական աշխատանքը հեռվից, դրսից առհասարակ շատ գրավիչ, շատ նախանձելի բան է թվում, բայց մեջը մտիր, հոտած ճահիճ է։ Աստված ոչ անի, որ այդ ճահճի մեջ խրվես, ինչպես խրվել եմ ես և այլևս հնար չունիմ դուրս գալու։