Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վեպս կիսատ մնաց, ո՞վ է մեղավոր — այդ ճահիճը, ամբողջ օրը և տարին տասներկու ամիս զբաղված եմ հեռագիրներ թարգմանելով, քաղաքական ու խառն լուրեր կազմելով, այս ու այն գյուղից ստացված երոգլիֆներ կարդալով և ուղղելով, իսկ գիշերները գրեթե լուսացնում եմ տպարանում, մինչդեռ «Մեծ գործը» մնում է... Համալսարանը նոր ես ավարտել, դեռևս շատ երիտասարդ ես, ահագին ասպարեզ կա առաջդ գործելու — գնա արտասահման, Եվրոպա. եթե չեմ սխալվում, դրա համար միջոցներ ունես, մի շտապիր կյանքի ցեխի մեջ մտնելու։ Նախանձում եմ ազատությանդ, կուզեի քեզ հետ միանալ փոքր ինչ ազատ օդ շնչելու համար...

«Սիրո վեպիկը» ուրիշի թարգմանությամբ արդեն տպագրված է «Նոր-Դարում» կարծյոք, 80-ական թվականների վերջերում, այնպես որ քո աշխատանքը, դժբախտաբար, ապարդյուն է անցել։

Հիշատակարանդ ուղարկիր, միայն հատուկ անուններն այնքան պարզ գրիր, որ երեխան էլ կարողանա կարդալ։

Գրել էիր, որ «Белл.» երկրորդ գիրքը ցենզուրը բոլորովին արգելել էր. պատճառն ի՞նչ է. խնդրեմ այդ մասին գրիր ինձ, և արդյոք դրանով էլ գործը փակո՞ւմ եք, թե՞ էլի մտադիր եք շարունակել։ Այսպես թե այնպես, վերջապես խո ինքդ կաշվիդ վրա փորձեցիր մտքի այն դահիճի ուժը, որի մասին այնքան գանգատվում էի քեզ։ Իհարկե, բայց բարոյական վնասից, նյութական վնաս էլ շատ կլինիք կրած։

Ուզում էի այս ամառ Անի գնալ, չաջողվեց — մարդ չճարվեց, որ խմբագրատան մեջ իմ գործերը վարեր մինչև վերադառնալս. ամենքն էլ գնացել և գնում են զանազան կողմեր։ Ստիպված եմ այս աֆրիկյան շոգերին մնալ Թիֆլիսում տաժանելի աշխատության մեջ. արդեն իսկ հոգնած էշ եմ դառել և գուցե փալանիս տակ էլ կսատկեմ...

Քո Նար-Դոս

Թիֆլիս, 12 հուլիսի, լույս 13-ի, գիշերվա ժամը 1-ին 20 րոպեին, որից հետո առավոտյան շարելու համար նյութեր պետք է պատրաստեմ։