Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1894

22. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ

1894. հունվարի 9. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Պրետենզիայով չեմ քեզանից, որ ահա քանի ժամանակ է՝ նամակ չես գրում, պրետենզիայով չեմ, որովհետև ինքս շատ ուշ-ուշ եմ գրում։ Անցան տոները, ուրեմն և— հանգստության օրերը, և ահա վաղվանից նորից սկսվելու է անվերջ աշխատանքս. աշխատում եմ օգուտ քաղել պարապությանս այս վերջին օրից և մի քանի տող գրել քեզ գլխավորապես նրա համար, որ շնորհավորեմ Նոր տարին և ծնունդը։ Ընդունիր անկեղծ բարեմաղթություններս։ Վերջին ժամանակներս տպելու էլ ոչինչ չես ուղարկում։ Զարմացա, որ դու հայոց թագավորության անկման 500-ամյակի առթիվ հոդված ուղարկելով, ուզում էիր, որ այդ տպվի։ Եղբայր, ինչպես մինչև հիմա չիմացար, թե որտեղ ենք ապրում մենք։ Դեռ հազիվ կարողացանք թերթի մեջ մի երկու խոսք տպել Պարիզում, Լևոն Թագավորի գերեզմանի վրա կատարված հոգեհանգստի մասին, ուր մնաց քո հոդվածը։ Ահագին նամակ ունեինք հիշյալ հոգեհանգստի մասին մեր աշխատակցից, որ ինքն անձամբ ներկայացուցիչ լինելով արտասահմանի ուսանողների կողմից, գեղեցիկ ճառ էր խոսել օրվա հանդեսի առթիվ, ո՛չ մի մանրամասնություն թույլ չտվին տպագրել։ Լազարյան ճեմարանի տարեդարձի առթիվ տեսչի դեմ գրածդ հոդվածի կորրեկտուրան նախորդ նամակիս մեջ ներփակած ուղարկել էի քեզ, չգիտեմ ստացա՞ր թե ոչ. կասկածում եմ, որ ստացած չլինես, որովհետև հենց հետևյալ օրը, որ նամակն արդեն պոստն էի ձգել, քեզանից մի բաց նամակ ստացա, որի մեջ գրում էիր, թե բնակարանդ փոխել ես, իսկ ես նամակս ուղարկել էի նախկին հասցեովդ։ Ւնչպես քո այդ հոդվածը, նույնպես և Բարխուդարյանի նույն տեսչի և Պոպովյան քահանայի դեմ գրած նամակը ցենզուրին զոհ գնացին։ Հենց այս րոպես ստացա քո վերջին բաց նամակը. միամիտ եղիր, արկղիկը կուղարկվի վեհ. հայրապետին։