Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինձ ասացին, որ «Մշակում» տպված է եղել, թե Ծատուրին Գերմանիա են ուղարկում։ Մեր բանաստեղծն ուրեմն գնում է Շիլլերի և Գյոթեի հայրենիքը։ Շատ ուրախ եմ։ Երկար ժամանակ է նրան նամակ չեմ գրել, կարծեմ կգրեմ։ Ինձ տեղեկություն տվին, որ «Տարազի» խմբագրությանը նա մի մասնավոր նամակ է գրել «Նոր-Դարի» դեմ։ Չգիտեմ որքան ճիշտ է այդ։ Բայց ափսո՜ս իմ Ծատուր... Յուր ինձ ուղարկած վերջին նամակի մեջ նա ինձ գրում է, թե համոզմունքներն ու գաղափարները կապ չունին բարեկամության հետ։ Ավա՜ղ, սխալվում է։ Սպանդարյանն ու Արծրունին իրար արևով էին երդվում, բայց համոզմունքների տարբերությունն այնպիսի խրամատ բաց արեց նրանց միջև, որ նրանք պատրաստ էին իրար արյուն խմելու...

Ընդունիր սիրո ողջույնս
Քո Նար-Դոս

Շնորհակալություն, լուսանկարդ յուր ժամանակին ստացա։


28. ԲԱԳՐԱՏ ՇԱՀՊԱՐՈՆՅԱՆԻՆ

1894. Հունվար 23. Թիֆլիս.

Սիրելի Բագրատ.

Ստացա երկրորդ նամակդ, որով հոբելյանի մասին տեղեկություններ ես ուզում։ Ստացել եմ և առաջին նամակդ։ Հոբելյանի մասին ի՞նչ կարող եմ ասել, քանի որ այդ գործում ես անմիջապես խառը չեմ և հազիվ ժամանակ եմ գտնում, որ իմ գործերս կատարեմ։ Խոսքս մանրամասնությունների մասին է, որ ուզում ես ինձնից իմանալ։ Ես միայն կարող եմ ընդհանուր տեղեկություններ տալ, որոնք հետևյալներն են։ Նախ ասեմ, որ թույլ չտվին հոբելյանի և ճաշկերույթի մասին առանձին հայտարարություն տպել թերթի մեջ, առարկելով, որ օրենքով տասնամյակ տոնել չի կարելի։ Սակայն նահանգապետն ասել է, որ առանց հայտարարության