Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ ինչ ուզում ենք կարող ենք անել, խանգարող ոչ ոք չկա։ Հանդեսը կկատարվի կիրակի օրը, հունվարի 30-ին, ժամը 1-ին. այնուհետև ժամը 2-ին ճաշ կլինի ստորագրությամբ, կլինին և պատվավոր հյուրեր։ Հանդեսն ու ճաշը տեղի կունենան Թիֆլիսի ժողովարանում, որի ավագներն արդեն առանձին արձանագրությամբ թույլ են տվել։ Հանդեսը կկատարվի սովորական կարգով, կկարդացվեն ճառեր, ուղերձներ, շնորհավորական հեռագրեր և այլն։ Այստեղ առանձին ուղերձներ են պատրաստված՝ ուսուցիչների, քահանաների, գործակատարների կողմից և այլն։ Ուսուցիչները պատրաստում են ոսկե գրիչ պողպատե ձեռքի մեջ բռնած։ Ժողովարարությունը կատարվում է անսպասելի աջողությամբ։ Զանազան տեղերից պատգամավորներ են գալիս։ Խամախոհները բնականաբար կատաղած են. միջոցներ են որոնում հոբելյանը խանգարելու, բայց ոչ տեսանին Եգիպտոս։ Այսքանս կարծեմ բավ է։ Արի որ աչքովդ տեսնես ամեն բան։ Իհարկե, չես դիմանալ, կգաս։

Ինչ վերաբերում է տեղումդ աղջիկ փախցնելու մասին քո գրած նամակին, այդ նամակը չհրատարակեցինք, որովհետև այդ մասին արդեն երկու բան տպել էինք։

Այս շաբաթվանից «Նոր-Դարում» տպելու եմ իմ նոր ընդարձակ վեպը։

Ընդունիր ողջույններս

Քո Նար-Դոս

Գրեցի շալթայ-բալթայ, որովհետև գիտես որ ժամանակ չունիմ ծանր ու բարակ գրելու։

Նույնը:


24. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ

1894. մարտի 14. Թիֆլիս․

Սիրելի Մինաս.

Հենց այն է՝ պատրաստվում էի, որ նամակ գրեմ քեզ,— որովհետև լռությունդ արդեն չափից դուրս երկար էր տևել.—