Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբ, վերջապես, ստացա քեզանից մի նամակ «Арм. Бел.»-ի երկրորդ հատորի տպագրված բովանդակության հետ միասին։ Այդ բովանդակությունից մի լուր շինվեց և, ըստ ցանկությանդ տպագրվեց «Նոր-Դարում»: Ինձ այնպես է թվում, և լսել եմ, որ խամախոհականները մեծ կռիվ են մղում ձեր դեմ, որպեսզի ձեր հրատարակության մեջ, բացի իրենց բանակին պատկանող գրողներից, հակառակ բանակից, այսինքն՝ մեզնից ոչ ոք չմտնի։ Մուրացանի համար, օրինակ, լսել եմ, մեծ ղալմաղալներ են եղել՝ մտնի՞ թե ոչ։ Եթե այդ ճշմարիտ է, ես ամենևին չեմ զարմանալ, որովհետև վաղուց արդեն համոզված եմ, որ այդ պարոններն ամեն մի գործում մինչև որ «իմ» ու «քո»-ի խնդիրը մեջ չկոխեն՝ չեն հանգստանալ, եթե միանգամ արդեն թույլ է տրվում, որ նրանք մասնակցեն։ Մինչև այժմ դրանք այդպես են պահպանել իրենց գոյությունը և այդպես էլ պետք է պահպանեն. ուրիշ կերպ անհնար է։ Ես միայն այն դեպքում կզարմանամ, որ դու և մանավանդ Վեսելովսկին, որ, իբրև ռուս, բոլորովին չեզոք պիտի լինի, ձեր ձեռնարկած համակրելի գործում թույլ տված լինիք, որ մեր կուսակցական կռվի ցեխը հանդես եկած լինի յուր գարշահոտությամբ։ Այդ գարշահոտությունն արդեն չափից դուրս ապականել է հայոց կյանքի ամբողջ մթնոլորտը, այնպես որ մարդ խեղդվում է։ Ի սեր աստծո, խնայեցեք ձեր մաքուր գործը, մի թույլ տաք, որ այդ գարշահոտությունը ձեր գործն էլ ապականի։ Խոսք չունիմ, տարաձայնություններ կարող են լինել, բայց այդ տարաձայնություններն այն մասին չպետք է լինին, թե այս կամ այն գրողը որ կուսակցության է պատկանում, որպեսզի այնու կարգադրեք՝ մտնի՞ թե ոչ։ Գրողի արժանիքը միայն, իբրև գրողի արժանիք — ահա՝ ինչը պետք է ղեկավարե ձեզ ձեր գործում։ Եվ համոզված եմ, որ դու և Վեսելովսկին հենց այդ տեսակետից էլ նայելիս պիտի լինիք գործին. ասելս այն է միայն, որ դուք ոչ մի պայմանով թույլ չտաք, որ ձեր շուրջը խմբված մարդիկ թեկուզ ամենաաննշան կերպով կուսակցական մի որևէ բան մտցնեն։ Սա իմ բարեկամական խորհուրդս է, իհարկե, թե չէ՝ այդ դուք, այդ էլ ձեր գործը։