Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վեպս տպագրվում է։ Ինչպես կարծում էի, այնպես էլ լինում է. կարմիր թանաքն սկսել է յուր ավերումները. երկու տարվա անքուն գիշերների աշխատությունս լույս աշխարհ է գալիս խեղանդամված, այլանդակված, ծուծը հանած, ոսկորները մնացած. ամեն անգամ, որ տպարան եմ գնում և նայում եմ ցենզուրական թերթերին, կարծում եմ, թե սրտիցս մի կտոր կտրել, դեն են ձգել։ Ինչի՞ նման է սա։ Արի ու այսպիսի պայմաններում բան գրիր։ Է՛հ․․․ դեռ ի նկատի պետք է ունենաս, որ գլխավորը, ինչ որ իսկապես հարկավոր է, երկրորդ պլանի վրա եմ դրել, աշխատել եմ որքան կարելի է քողարկված անցկացնել։ Վա՜յ, հազա՜ր վայ այն գրողին, որ գրելիս, աչքի առաջ պետք է ունենա «անգութ րոզնեցին»[1]։ Գրողը տանի այդպիսի գրողին։

Տասնամյակի հանդեսի նկարագիրը ստացված բոլոր ուղերձների և հեռագիրների ցանկի հետ միասին առանձին բրոշյուրով տպագրված կուղարկվի թերթի բոլոր բաժանորդներին։ Ինչպես գրել էի, Քիշմիշյանը, այդ հոտած և նախանձոտ մեղվականը, թույլ չտվեց, որ թերթի մեջ հրատարակենք, տպագրվում է Պետերբուրգում։ Այս մասին առայժմ ոչ ոքի ականջը մի ձգիր, որովհետև, փառք աստծո, ազգասերներ շատ ունինք, կարող են խանգարել։ Ի դեպ, ի՞նչ եղավ Մոսկվայի հասարակության կողմից ուղերձը. ցուցակի մեջ տպագրվում է. իսկ ինքը ուղերձը չկա։ Ի սեր աստծո, ուղարկեցեք, թե չէ ո՞վ գիտե, կարող է անհամ բան դուրս գալ։

Քո Նար-Դսս

Հազար ու բյուր ողջույններս Ծատուրին, ասա որ միշտ պատրաստվում եմ, որ իրեն մի նամակ գրեմ, միշտ էլ հետաձգում եմ։

  1. «Անգութ րոզնեց» արտահայտությունը վերաբերում է ցարական ցենզորին։ Ցենզոր բառը հակառակ կողմից կարդալով րոզնեց, առաջին անգամ օգտագործել է Ռ. Պատկանյանն իր «Անվերջ գանգատներ» բանաստեղծության վերջին քառատողում։