Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1895

25. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ

1895. հունվարի 28. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Ահա հինգերորդ ամիսն է, որ գնացել ես Էջմիածին, և այս առաջին անգամն է, որ նամակ եմ գրում քեզ, մինչդեռ քեզնից քա՜նի նամակ եմ ստացել։ Այսօր էլ ստացա, որով հիշեցնում ես ինձ, որ վաղուց է՝ ոչինչ չեմ գրում քեզ։ Չեմ գրում շատ հասկանալի պատճառով, շաբաթվա մեջ հինգ օր շարունակ բառիս բուն նշանակությամբ մի րոպե անգամ ժամանակ չեմ ունենում մասնավոր-անհատական գործովս, ուրեմն և քեզ, ինչպես և ուրիշ ընկերներիս, նամակ գրելով զբաղվելու, իսկ մնացած երկու օրը այնպիսի մի հոգնություն եմ զգում, որ գրիչ ձեռքս առնելը ուղղակի անտանելի է թվում ինձ։ Երևակայիր, որ այդ երկու ազատ օրն էլ, այսինքն շաբաթ և կիրակի, երբ հետևյալ օրերը լրագիրը չպիտի դուրս գա, ես ազատ չեմ. հազար ու մի գործ կա խմբագրության վարչական մասին վերաբերյալ, որ ամբողջովին ծանրացած է ինձ վրա։

Հունվարի 31.

Արդեն այն հանգամանքից, որ նամակս շարունակում եմ երեք օրից հետո, կարող ես երևակայել, թե ինչքան ծուլացել եմ նամակներ գրելում։ Նամակս շարունակում եմ գիշերվա ժամը 1-ից 20 րոպե պակաս, երբ աչքի անցկացրի «Բարեգործության դիմակի տակ» դրամայի մասին գրած գրականական ակնարկդ, որպեսզի վաղը (այսինքն այսօր) առավոտյան հանձնեմ տպարանին շարելու։ Անկարելի է մի համարում զետեղել, ինչպես ցանկանում ես դու, երկու մասի եմ բաժանել։ Անհոգ կաց, սրբագրությանն ինքս առանձնապես կհետևեմ։ Մեր տղա, կրիտիքական լավ հոտառություն ունիս։ Շատ ցանկալի էր, որ այդ ճանապարհով առաջ գնայիր, թեև էական մասում ես հակառակ եմ այն ուղղության — ռեալական ողղության, որի թունդ երկրպագուներից մեկն ես երևում