Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

26. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ

1895 թ. փետրվարի 25. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Անցյալ նամակովս գրել էի, որ «Նոր-Դարի» դեմ նոր մատնություն կա։ Երեկ, փետրվարի 24-ին, Սպանդարյանցը կանչված էր ցենզուրական կոմիտետ։ Նախագահը բոլոր ցենզորների ներկայությամբ նրա առաջ կարդում է «Նոր-Դարից» թարգմանված հոդվածները, որոնցից երևում է, որ Սպանդարյանցը ձգտում է հայերին առաջնորդել իբրև մի ջոկ, ինքնուրույն ազգության «вне России» և «против России»: Հրավիրելով Սպանդարյանցի ուշադրությունն այդ բանի վրա, նախագահը նախազգուշացնում է նրան, որ եթե «Նոր-Դարը» կշարունակի այդ ուղղությամբ գնալ, այն ժամանակ «будут приняты строжайшие меры», այսինքն վերջնական խափանումն «Նոր-Դարի»։ Դու և Դանագյոզը խիստ նեղացել էիք, որ Ալեքսանդր III-ին նրա մահվան առթիվ «Նոր-Դարը» բարձանց բարձունս էր բարձրացրել։ Այժմ ինքդ ասա. եթե այդ ժամանակ «Նոր-Դարը» սառը պահեր իրեն և չմասնակցեր հանգուցյալ կայսրի հիշատակին սկսված համաճարակ գովասանքներին,— ի՞նչ կլիներ Սպանդարյանցի դրությունը վերոհիշյալ ցենզուրական դատի ժամանակ։

Ճաղարբեգյանն յուր ամոթալի վարմունքն այժմ հետևյալ նոր վերսիայով է արդարացնում. «Սպանդարյանցն, ասում է, բռնել է պոստից ստացված իմ պովեստկաները, ես էլ նրա 67 ոուբլին չեմ տալիս»։ Ցա՛ծ մարդ... Շատ հետաքրքիր է իմանալ, թե այդտեղ ում է նա նամակ գրել և ինչպես է բացատրում յուր «Նոր-Դարից» հեռանալը։

Քո Նար-Դոս