Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և Սպանդարյանից է կախված, որի հետ, իհարկե, կգաս կխոսես անձամբ։ Այսքանս միայն ես կարող եմ ասել, որ քեզ վրա մեծ համարում ունի և ուզում է, որ դու լինիս նրա պաշտոնակատարը, իբրև խմբագիր։ Վերջապես եկ, տես, խոսիր անձամբ։ Իմ կարծիքս բերանացի կհայտնեմ քեզ։ Գլուխս արդեն բոլորովին ցավում է։ Շատ զվարճալի տեսարան էր — ամենքը ձանձրանում էին և ամենքը գժի նման ծափահարում ու աղաղակում։ Խե՞ղճ Մազինի... «սբ. Էջմիածին» հոդվածդ, որին ես կնքել էի «Ուխտավորի մը տպավորությունները ի ս. Էջմիածին» խորագրով, զոհ գնաց ցենզուրին։ Ա՜խ, այդ Քիշմիշյանը մորթելու է...

Քո Նար-Դոս

Ամբողջ մի շաբաթ նամակս մոռացմամբ մնացել էր գրպանումս և ուղարկում եմ միայն այսօր, մայիսի 7-ին։

28. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
1895. մայիսի 8. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Երեկ չէ մյուս օրը մի նամակ ղրկեցի քեզ, այսօր էլ մի ուրիշն եմ գրում։ Անհամբեր սպասում ենք քեզ Թիֆլիսում։ Եվ չեմ կարծում, թե մի շաբաթ միայն մնաս այստեղ, ինչպես գրել ես իմ այսօրվա ստացածս նամակումդ։ Այնքան բաներ կան խոսելու։ Ուրիշ ոչինչ չլինի, փոխարքայությանդ խնդիրն արդեն մի ահագին գործ է, որից կախված է մի թերթի և նրա հետևողների ապագան։ Իհարկե, այդ խնդիրը շատ դյուրությամբ պիտի վճռվի (գոնե Սպանդարյանի կողմից ես լիովին կարող եմ երաշխավոր լինել), բայց և այնպես լուրջ մտածելու բաներ շատ կան։ Ախր չգիտես, թե «Նոր-Դարը» սկզբից մինչև այժմ ինչպիսի՜ նահապետական ձևով է առաջ տարվել, և պիտի ապշել, թե ինչպես նա կարողացել է կանգուն մնալ և դեռ մրցում էլ է յուր թշնամի թերթերի դեմ։ Այդպիսի նահապետական ձևով շաբաթը հինգ համար հրատարակել — և այն՝ փող չեղած տեղում — դա